Հրազդանի քաղաքապետը հրաժարական է տվել

 Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը իր կողմից հրավիրված ավագանու արտահերթ նիստին հրաժարական է տվել.

«Սիրելի հրազդանցիներ, հարգելի ավագանու եւ աշխատակազմի անդամներ

Շնորհակալ եմ Ձեր երկարամյա վստահության համար: Բնականաբար`յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեն նրա անցած ուղին, ապրած կյանքն ու ապագայի նկատմամբ ունեցած հավատը: Ես շնորհակալ եմ նախ եւ առաջ իմ ծնողներին` ինձ նման դաստիարակություն տալու համար, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իրենց հարուստ կյանքի փորձով միշտ աջակցել ու եղել են իմ կողքին, շնորհակալ եմ իմ համաքաղաքացիներին` իրենց վստահության համար: Ինձ բախտ վիճակվեց լինել այն քաղաքի ղեկավարը, որտեղ միշտ պայքարն ու հաղթանակներն ընդհանուր են եղել:

Այս տարիներին մեր բազմամյա փորձն ու հմտությունները ծառայեցրինք Հրազդանի զարգացման, հրազդանցիների բարեկեցության բարձրացման ու քաղաքային տնտեսության կատարելագործման խնդիրների լուծմանը: Մեր կյանքը կառուցեցինք դժվարին, բայց արժանապատիվ մարտահրավերներին պատրաստ` մեր անցած դժվարին ճանապարհով: Գիտակցելով սեփական ինքնությունը, մենք պետք է հստակ վերաբերվենք մեր արժեքներին, սիրենք ու մեծարենք դրանք, լինենք համախմբված եւ ուժեղ: Ելնելով այս քաղաքական իրավիճակից, հարկ եմ համարում տալ իմ հրաժարականը: Մեկ անգամ եւս շնորհակալություն` վստահության եւ համատեղ աշխատանքի համար:

Խաղաղություն եւ համերաշխություն Ձեզ, սիրելի հրազդանցիներ»,- ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել