Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) կալանավորվեց՝ դատարանի որոշմամբ: Այս մասին դատարանից հայտնում է Իրավաբան.net-ի թղթակիցը:
Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը հայտնել է, որ դատարանը բավարարել է նրա հանդեպ որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ հունիսի 16-ին։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առևանգելու փաստի առթիվ քննվող քրեական գործով խուզարկություններ են իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:
Նույն օրը բերման էր ենթարկվել և ձերբակալվել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը։