Գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական հետապնդում հարուցել Մանվել Գրիգորյանի նկատմամբ և դատարան ներկայացնել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն

ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի օրակարգում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: Փակ գաղտնի քվեարկությամբ երկու միջնորդություններին էլ խորհրդարանը տվել է իր համաձայնությունը:

Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Հիմք ընդունելով ԱԺ կայացված որոշումները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նախաքննությունն իրականացնող մարմնին արդեն հանձնարարվել է Մանվել Գրիգորյանի նկատմամաբ հարուցել քրեական հետապնդում,  ՀՀ հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում նրան ներգրավել որպես մեղադրյալ, առաջադրել մեղադրանք, ինչպես նաև  Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հիշեցնենք, որ վերոնշյալ քրեական գործերով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել