«Մի քանի ամիս առաջ, բոլորդ հիշում եք, ասել եմ՝ ով զինվորի տուշոնկեն գողանա, դատախազը չէ՝ Աստված է պատժելու, դե որ Մանվելն իմ ասածը՝ իր ընկերոջ ասածը լսեր՝ կամ դա կբաժաներ երկրապահի սոված ժողովրդին, կամ գոնե կթափեր էն կողմ»․ այսօր՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը։
Նա նշեց, որ տեղյակ չի եղել այն ամենից, ինչ ԱԱԾ-ն հայտնաբերել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը։ Պատագամվորի խոսքով դա աշխարհի ամենավատ բանն է։ Սեյրան Սարոյանը նշեց, որ 2016 թ-ին ապրիլյան պատերազմի ժամանակ ինքը Քարվաճառում է եղել, իսկ Մանվել Գրիգորյանը՝ Հորադիզում, իրարից շատ հեռու են եղել։ «Զենք, ուրիշ բաներ բոլորս էլ կարող ենք ունենալ, բայց զինվորի հաց․․․․ էդ երեխեքին, որ երեկ խոսեցրին, ովքեր նամակներ էին գրել․․․ ես մեռած էի, թաղած չէի, շատ վատ եմ եղել։ Ո՞նց կարելի էր հերոսից իջնել՝ «տուշոնկա»։ Մանվելի աջ ձեռքը չի իմացել, իր ձախ ձեռքն ինչ է անում, իր երեխեքն իմացե՞լ են, թե ինչ ունի, ինքն այնքան փակ մարդ էր»,-ասաց Սարոյանը։
Լրագրողների այն հարցի, թե ինչպե՞ս է արձագանքում այն հայտարարությանը, որ Մանվել Գրիգոյանը կոչ է արել իր պատգամավոր ընկերներին իրեն զրկել պատգամավորական մանդատից, և այն, որ ինքը դեռ կվերականգնի իր անունը, Սեյրան Սարոյանը նշեց․ «Էլ ի՞նչ պատիվ, Զատիկից հետո էլ կարմիր ձուն ի՞նչ ես անելու։ Թող ասեն, հո ասելով չի, թող ինքն իրեն հիմա ճղի, ասի՝ «տուշոնկեն» սենց եկավ մեր տուն․․․․ Իբր էնքան ուտելիք կար առաջին գծում, դա էլ պահել էին․․․։ Մի հատ պիստալե՞տ էր, որ բերեին գցեին ջեբը»։
Նա նաև նշեց, որ 2016 թվականին, երբ զորամասեր են գնացել, տեղում են զենքը ստացել ու հետ վերադառնալիս էլ ետ են վերադարձրել։ Սարոյանը նշեց, որ էլ չի կարող շփվել Մանվել Գրիգորյանի հետ, դա խայտառակություն է ու չի էլ պատկերացնում, թե զինվորի ուտելիքը գողացողին ուղղված հայհոյանքներն ու երդումները տալուց հետո, ինչպե՞ս է նայելու Մանվել Գրիգորյանն իր դեմքին։