Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Մամիկոնյանց փողոցի հ․42-44 և հ․ 40 շենքերի միջանկայլ հատվածում՝ հ․ 42/1 հասցեում, այս պահին ընթանում է են 16 հարկանի բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներ։
Դեռևս 2013 թվականի սեպտեմբերին Մամիկոնյանց փողոցի հ․42-44 և հ․ 40 հասցեի բնակիչները երկու բարձրահարկ շենքերի միջև կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական նորմերի խախտումների վերաբերյալ ահազանգել են Երևանի քաղաքապետարան։
Բազմաթիվ դիմում-բողոքներից հետո Քաղաքապետաանի աշխատակազմի Քաղաքաշինական գործունեության հատուկ Կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը քաղաքացիներին պատասխանել է, որ «իրենց կողմից բարձրացված հարցերը ուսումնասիրվել են Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից և ըստ նախնական արդյունքների խնդիրը մանրամասն ուսումնասիրման կարիք ունի՝ կապված երկու բարձրահարկ շենքերի միջանկյալ տարածքի հեռավորության և արևահարման ռեժիմի ներմորի պահպանման հետ»։
Նշվել է նաև, որ գլխավոր ճարտարապետի զեկույցի հիման վրա Երևանի քաղաքապետին առաջարկվել է նախքան խնդրի կարգավորումը ժամանակավորապես դադարեցնել շինարարական աշխատանքները։
Պատասխանից մեկ ամիս հետո շինարարական աշխատանքները դադարել են և վերսկսկվել են 2018 թվականի մայիսին։
Գրավոր դիմել էի քաղաքապետին և խնդրել տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե երբ է կառուցապատող «Մաքս Նիկել Դիվելըփմենթ» ՍՊԸ-ին տրվել շինթույլտվության փաստաթուղթ։
Պարզվեց, որ հողի նախկին սեփականտիրոջը քաղաքապետարանի կողմից «Ժայռ» ՍՊԸ-ին 2007 թվականին տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ 2008 թվականին համաձայնեցեվել է նախագիծ (նախագծող «Նորգալ» ՍՊԸ), որի համար հիմք է հանդիսացել իրավասու կազմակերպության կողմից փորձաքննության ենթարկված դրական երաշխավորմամբ եզրակացությունը և 2012 թվականին տրամադրվել է շիբնարարության թույլտվություն։ Նույն թվականին հողամասի փոխված սեփականատիրոջը «Մաքս Նիկել Դիվելոփմընթ» ՍՊԸ-ին տրվել է նոր՝ փոփոխված ճարտարապետահատակագծային առաջադրանք, որից հետո 2013 թվականին վերահամաձայնեցվել է «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից մշակված նախագիծը։ Շինարարական աշխատանքների՝ 6-րդ հարկի երկաթբետոնե կարկասի կառուցման փուլում շինարարական աշխատանքները դադարեցվել են և սկսել 2018 թվականին։
Քաղաքապետի կողմից ստացված գրության մեջ նաև նշվում է, որ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը լրացել է 2016 թվականին և համաձայն ՀՀ Կառավարության 19․03․2015 հ․ 596-Ն որոծման հ․1 հավելվածի 130-րդ կետով սահմանված պահանջի՝ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ է վերահամաձայնեցման ներկայացնել նոր փորձաքննության ենթարկված նախագիծ, որը չի ներկայացվել։
Մամիկոնյանց 42-44 շենքի բնակիչների կողմից պատվիրվել է փորձաքննություն «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ»ՍՊԸ-ին՝ պարզելու արդյոք Մամիկոնյանց 42-44 և 42/1 շենքերի միջև հեռավորությունը համապատասխանում է քաղաքաշինական նորմերին թե՞ոչ։
Հետազոտումը կատարվել է 2018 թ․ մայիսի 30-ից մինչև հունիսի 8-ը։ Այն հաստատել է կառուցապատողի կողմից շինարարական նորմերի կոպիտ խախտումները։ Հետազոտության եզրակացության մեջ նշվում է, որ «Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 42-44 և Մամիկոնյանց փողոցի թիվ 42/1 հասցեներում գտնվող շենքերի միջև հեռավորությունը կազմում է 7․4մ, ինչը չի համապատասխանում ՀՀ Քաղաքաշինության նախարարի 14․10․2014 թվականի թիվ 263-Ն հրամանի թիվ 79 կետով առաջադրված պահանջներին։ Շենքի վրա առկա են բացվածքներ, որոնց դիտելիությունը ուղղված է Մամիկոնյանց փողոցի 42-44 շենքի ուղղությամբ»։
Ես այս խնդիրը բարձրաձայնել էի Երևանի ավագանու մայիսի 30-ին կայացած նիստում և դիմել քաղաքապետին՝ խնդրին լուծում տալու նպատակով։ Ինձ պատասխանեցին, որ շինարարությունը դադարեցված է, այնինչ աշխատաքնները կագնեցվել են ընդամենը մեկ օր, որից հետո շարունակել ավելի արագ տեմպերով։ Այս և բազմաթիվ օրինակներ փաստում են, որ Երևանի քաղաքապետարանը ի զորու չէ վերահսկել քաղաքում իրականացվող ապօրինի շինարարությունները և կանգնեցնել ապօրինի կառուցապատողներին։
Մաքս Նիկել Դիվելոփմընթ ՍՊԸ-ի հիմնադիրն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` հայտնի Ճոյտ մականունով, որի մասնակցությունը համաձայն ՀՀ Կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի այս պահին դադարեցվել է։
Բնակիչները հայտնեցին, որ Հակոբ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս կոպտել է կանանց և փորձել հարվածել։ Մանրամասները ներկայացված են տեսանյութում։
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ
Անի Սամսոնյան