Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Մասիս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի փոփոխմանը և նրան կալանքից ազատելուն:
Նա նշել է, որ դատարանները Հայաստանում պետք է լինեն անկախ և նա ինչ-որ մարդկանց ազատ արձակելու կամ կալանավորելու համար իր վարչական լծակները չի օգտագործի:
«Եթե հանկարծ պարզվի, որ որևէ դատավոր գործում է անձնական շահագրգռվածության, ֆինանսական շահագրգռվածության, կոռուպցիոն շահագրգռվածության, բարեկամային շահագրգռվածության, կլանային շահագրգռվածության շրջանակում, ապա «վայ»-ը եկել և տարել է այդպիսի մարդկանց: Ով ուզում է լինի: Ես էլի եմ ասում՝ մենք դատարաններին ոչ մի հրահանգ չենք տալու և դատարանները պետք է գործեն օրենքի շրջանակներում և կայացնեն օրինական որոշումներ: Եթե պարզվի, որ կան դատավորներ, ովքեր շարունակում են զանգեր ստանալ, այն մարդկանցից, որոնցից նախկինում ստացել են և պատրաստվում են այդ զանգերի բերումով գործել, ուրեմն զանգողն էլ, զանգ ստացողն էլ շատ լուրջ մտածելու բան ունեն: Իսկ ընդհանուր առմամբ մարդկանց կալանավորելը և բանտերը լցնելը մեր նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու»,-նշել է նա:
Փաշինյանը կոչ է արել կոռուպցիայի, թալանի, ապօրինությունների և «բեսպրեդել»-ի դեմ պայքարում պինդ և ամուր կանգնել կառավարության կողքին:
«Ես կոռուպցիայի մաս չեմ դառնալու, ես կոռումպացված չեմ դառնալու»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: