Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 12-ին, հարկային օրենսգրքում փոփոխությունների կատարելու մասին օրինագիծը ներկայացնելիս գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ կոնյակի շուկայում անհավասար պայմաններ են ստեղծված իրացվողի ու ներմուծողի համար:
Նախագծով առաջարկվում է կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան փոխել, դրանք սահմանել իրացվող մեկ լիտրի 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով՝ ըստ տարիքային խմբերի:
Նախարարը նշեց, որ այս փոփոխությունները կոնյակ արտադրող մեծ ու փոքր, ներմուծող ու արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ են ապահովում:
«Թորած ալկոհոլային խմիչքների իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան դրույքաչափը 15 միլիոն դրամ է, իսկ շշալցված կոնյակի, բրենդիի, դրանց սպիրտի ներմուծման համար պետական տուրք սահմանված չէ: Պետական տուրքի նույն դրույքաչափն անհավասար պայմաններ են ստեղծում շշալցված կոնյակ և կոնյակի սպիրտ իրացնող և ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար: Իսկ գինեգործությամբ զբաղվող փոքր ընկերությունները 15 միլիոն դրամ տուրքի պատճառով չեն կարող զբաղվել կոնյակի արտադրությամբ: Դա է պատճառը, որ մեծ չափերի է հասել կոնյակի սպիրտի ներմուծումը»,- նշեց Արթուր Խաչատրյանը: