Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
Դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Այս մասին Իրավաբան.net-ը զրուցել է Կարեն Ավագյանի հետ:
«Ցավալի դեպք է եղել, իմ ահազանգի հիման վրա է բացահայտվել: Բոլոր գնահատականները պետք է թողնենք իրավապահ մարմիններին և չենթարկվենք որևէ քաղաքական շահարկումների գայթակղությանը»,-նշեց նա:
Իրավաբան.net-ի լրագրողի հարցին, թե ինչպես է չարաշահումների մասին իմացել պատգամավորը, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Իրավապահ մարմինների գնահատականից հետո ես ավելի ազատ կլինեմ խոսել»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Եվգենյա Համբարձումյան