Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում 6 մարզի թվով 18 համայնքում

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 10-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում:

Նշված համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 21 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու է թվով 29 տեխնիկական սարքավորում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում՝ www.elections.am:

Նշենք, որ սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 33 քաղաքացիներից 6-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 4-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 10 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 79 թեկնածուներից 76-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 2-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել