Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արմավիր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և դիմել իր մարզի բնակիչներին ու գործընկերներին.

«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգարժան գործընկերներ,
Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօրվանից ես դադարեցնում եմ ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը:

Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ Արմավիրի մարզպետ նշանակվելն ընկալել եմ վերադարձ դեպի տուն, իմ ծննդավայր, որտեղ մարդիկ ինձ միշտ շատ հարազատ են եղել, խնդիրները` ծանոթ, անելիքները` հստակ, իսկ ապագան` լուսավոր ու տեսանելի:

Առաջնորդվելով այս հիմնարար մոտեցումներով` պաշտոնավարմանս տասնմեկ ու կես տարիների ընթացքում իմ գործընկերների հետ միասին աշխատել ենք հանուն, այլ ոչ թե ընդդեմ գաղափարախոսությամբ: Վստահեցնում եմ, որ արել ենք առավելագույնը` համակողմանի զարգացած և գործուն ենթակառուցվածքներով մարզային տնտեսություն ունենալու համար: Մարզի զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված մեր ծրագրերը կյանքի են կոչվել ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլև առանձին անհատների, բարերարների, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ:

Այսօր մեկ անգամ ևս իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլորին` մեր մոտեցումները կիսելու, մեզ վստահելու և գործուն աջակցության համար:

Ներողություն եմ խնդրում նաև չարվածի, այն գործերի համար, որոնց իրականացումն իմ ուժերից վեր է եղել…: Սակայն լիահույս եմ, որ դրանք էլ ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն, և հավատացած եղեք` առաջին ուրախացողը հենց ես կլինեմ:

Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել իմ գործընկերներին և վստահեցնել, որ մեր երկարամյա գործունեության հաջողության գրավականը եղել է միասնական, թիմային աշխատանքը և համախմբվածությունն ընդհանուր գաղափարների շուրջ:

Ամենայն բարիք և արևշատություն եմ ցանկանում Արմավիրի մարզի յուրաքանչյուր բնակչին, բազում հաջողություններ ու ձեռքբերումներ` նոր մարզպետին:
Լավ եղեք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել