ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ ծառայության քննիչի վարույթ է ընդունվել խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրությամբ արձանագրվել են 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների մի շարք դեպքեր: Հիշյալ հաշվետվության ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարվող նախաքննության արդյունքում արձանագրվել են նույն ժամանակահատվածում ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների ևս մի քանի դրվագներ:
Այսպես, պարզվել է, որ 2016 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված 4303 կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա է եղել 64.797.300 ՀՀ դրամ, իսկ 2017 թվականին հարուցված 1814 կատարողական վարույթներով՝ 38.152.600 ՀՀ դրամ: Սակայն ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, պարտավոր լինելով այդ գումարների բռնագանձման նպատակով արգելանքներ դնել պարտապանների գույքի վրա, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի հետևանքով վերը նշված գումարները չեն բռնագանձվել:
Պարզվել է նաև, որ 2016-2017թթ ընթացքում հարուցված 197 կատարողական վարույթներով պարտապանների գույքի վրա դրվել են բռնագանձման ենթակա գումարից պակաս արգելանքներ: Ավելի քան 40 անձի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով արգելանքի հաղորդագրություններ չեն ուղարկվել ՀՀ մաքսային ծառայություն, և այդ անձինք հանրապետություն են ներկրել ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել:
Ստուգմամբ պարզվել է նաև, որ ՀՀ ֆինանսների նախարարության պահանջով ընկերությունից հօգուտ պետական բյուջեի անհրաժեշտ է եղել բռնագանձել 130.172.600 ՀՀ դրամ: Սակայն հարկադիր կատարողն ընկերություն է այցելել կատարողական վարույթ հարուցելուց 16 օր հետո, երբ ընկերությունն այդ ընթացում արդեն հասցրել էր ելքագրել բռնագանձման ենթակա առանձնապես խոշոր չափերի գումարը` այլ անձի փոխառությամբ տրամադրելով 35.000.000 ՀՀ դրամ: Ընդ որում, պարզվել է, որ այցելության ընթացքում հարկադիր կատարողը ընկերության դրամարկղում առկա գումարից պակաս գումար է բռնագանձել:
Բացի այդ, պարզվել է նաև, որ Կապանի հարկային տեսչության պահանջով 31.10.2014թ. հարուցված կատարողական վարույթով անհրաժեշտ է եղել ընկերությունից բռնագանձել 40.854.000 ՀՀ դրամ: Հարուցված կատարողական վարույթի ընթացքում ընկերությունից բռնագանձվել է ընդամենը 161.600 ՀՀ դրամ, սակայն պարզվել է, որ ընկերությունն ունեցել է 16 մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: