ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ, հայտնում է քննչական կոմիտեն:
2018 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 05:05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Բանավան խանութի մոտ պայթյուն է տեղի ունեցել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ վնասվել են Վարդենիս քաղաքի Ա. Սեսմանուկյան փողոցի 13-րդ շենքի 1-ին հարկում գտնվող խանութ-սրահների ապակիները, ինչպես նաև հիշյալ շենքի մի շարք բնակարանների ապակիներ: Պայթյունի օջախը գտնվել է նշված խանութ-սրահների դիմային հատվածում: Նախնական տվյալներով՝ գործարկվել է պայթուցիկ նյութ։ Դեպքի վայրի զննությամբ վերցվել են մի շարք նմուշներ:
Փաստի առթիվ 2018 թվականի հունիսի 3-ին Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, կատարվում է նախաքննություն:
Դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցներին: Կատարվել է տեսաձայնագրության զննություն, հարցաքննվել մի շարք անձինք։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։