Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելն անհրաժեշտություն է․ Մարտի 1-ի գործով փաստաբան Վահե Գրիգորյան

Armtimes.com-ի տեղեկությունների համաձայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով:

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելը անհրաժեշտություն է։

«Նրան առնվազն պետք է հարցաքննության կանչել, նախ` վկայի կարգավիճակով, հետագայում արդեն եղած տեղեկությունների և նախաքննության տվյալների հիման վրա պետք է ճշգրտվի կարգավիճակը»,-նշեց փաստաբանը։

Վահե Գրիգորյանի խոսքով, այդ պահին պետության գլուխ եղած և զինված ուժերի գլխավոր հրամանատարի կարգավիճակը զբաղեցրած անձին չհարցաքննելը նախաքննության լրջագույն բացթողում է։

«Նա ամբողջապես տիրապետել է տեղեկատվությանը, այդ պահի դրությամբ՝ դեպքերի հետ կապված, ինչպես նաև առանձին իրավիճակների վերաբերյալ դիրքորոշումներ է արտահայտել և տվյալներ է հրապարակել։ Առնվազն այդ տվյալների մասով տեղեկություններ պետք է ճշգրտվեն։ Սա ասում եմ հարցերի նվազագույն շրջանակը, որի շուրջ պետք է հարցաքննություն լինի»,-ասաց Վահե Գրիգորյանը։

Փաստաբանը նշեց, որ պաշտոնական տեղեկատվություն չկա այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահը հարցաքննվելու է։ Այնուամենայնիվ, նա անհնար չհամարեց, որ նման հարցաքննություն կարող է կազմակերպվել. «Ոչ միայն անհնար չեմ համարում, այլև շատ բնական եմ համարում, վաղուց այդ հարցաքննությունը պետք է տեղի ունենար»,-հավելեց Վահե Գրիգորյանը։

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել