Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գիշերը գրառում է արել, որում ասվում է.
«Երեք ժամ առաջ սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից, «կենցաղային հողի վրա», երկու քաղաքացիների Ստեփանակերտում ծեծի ենթարկելու մասին։ Ժամը 3։30-ին այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, և վիրահատության անհրաժեշտությունը տվյալ պահին բացակայում է։ Առավոտյան սեփական նախաձեռնությամբ կսկսենք քննարկման ընթացակարգ, և հանդես կգանք հայտարարությամբ»։
Այս մասին հայտարարություն է տարածել նաև Արցախի ոստիկանությունը: Հայտարարության մեջ ասվում է.
«Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար»: