Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ մայիսի 29-ին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների 13 ներկայացուցիչները հանդիպում ունեցան ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերետերյանի հետ։
Փոխնախարարն իր խոսքում նշեց, որ նման հանդիպումը լավատեսության վստահություն է տալիս․ «Եթե ամեն մեկն իր հասարակական հետաքրքրությունների շրջանակում կարողանա մասնակցություն ունենալ քաղաքականությունների ձևավորմանը՝ նոր խոսքով, նոր մոտեցումներով, պատկերացումներով՝ մեր աշխատանքն ավելի բովանդակային կդարձնի»,-ասաց Վաչե Տերտերյանը։
ՔՀԿ ներկայացուցիչները տարբեր հարցեր քննարկեցին փոխնախարարի հետ՝ բարձրաձայնելով այնպիսի խնդիրների մասին որոնք վերաբերում էին մարզերում սպորտի և երիտասարդության հարցերին, սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը, նախորդիվ ունեցած տարբեր ծրագրերին, որոնք դեռևս կյանքի չեն կոչվել։
«Նոր նախարարի հետ երբևէ եղե՞լ են քննարկումներ՝ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանը և արդյո՞ք դուք տեսնում եք այդ ոլորտի զարգացումը՝ որպես կարևորագույն մեխանիզմ, որը կաջակցի Հայաստանի տարածքային զարգացմանը»,-նշեց Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը։
Վաչե Տերյերյանը նշեց, որ նախարարի մակարդակով հանդիպում պետք է լինի սոցիալական ձեռնարկությունների ղեկավարների հետ։ «Ակնհայտ լավ բան է և դա մենք պետք է դնենք մեր քաղաքականությունների հիմքում»,-նշեց նա։ Փոխնախարարի խոսքով տարբեր ժամանակներում որոշ ձեռնարկություններ են բացվել ու փավել, օրինակ կաթի մթերման կետեր, կարի արտադարամասեր և այլն։ Իսկ արդեն սոցիալական ձեռնարկատիրությունների դեպքում, հույս կա, որ նման ճակատագիր չի սպասվի այդ ընկերություններին, քանի որ, նրանց ներքին շարժառիթ կունենան սեփական բիզնեսը զարգացնելու։
Լիաննա Ասոյանը, ով ներկայացնում էր «Բլեջան» ՀԿ-ն, հարց բարձրացրեց այն մասին, թե արդյո՞ք մարզային զարգացման ծրագրերը նույն ձևով կշարունակվե՞ն, թե՝ հանարվոր կլինի դրանց դուրս բերել ուղղակի թղթին գրված ծրագրեր լիենլու տարբերակից և կյանքի կոչել։
Վաչե Տերտերյանը նշեց, որ տարբեր ծրագրերի դեպքում պակասել է քաղաքական կամքը․ «Եթե մենք նշեին, որ պետական բյուջեից որևէ ծրագրի ֆինանսավորում չի գնա, քանի այդ ծրագիրը չի անցել սոցիալատնտեսական ծրագրով ու չի քննարկվել մարզային խորհրդում՝ այդ մի քայլը եթե մենք անեինք, ապա փաստաթուղթը միս ու արյուն կստանար»,-ասաց փոխնախարարը։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ալիսա Չիլինգարյան