Ալեն Սիմոնյանը զրկվել է միայն Երևանի ավագանու անդամի մանդատից․ պարզաբանում՝ Ազգային ժողովից

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն երեկ՝ մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Սիմոնյանը նախքան պատգամավորական մանդատ ստանալը Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ է եղել։

Այսօր՝ մայիսի 24-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն է ստորագրել։ Նրա լիազորությունները որպես ավագանու անդամ արդեն դադարեցվել են։

Հավելենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։

Ազգային ժողովի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց, որ Ալեն Սիմոնյանը դեռ համարվում է ԱԺ պատգամավոր։ «Մանդատից հրաժարվելու մասին դիմումից հետո յոթնօրյա ժամկետը դեռ չի ավարտվել։ Ալեն Սիմոնյանը դեռ պատգամավոր է»,-նշեց Բաբայանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել