Երեխա որդեգրել ցանկացող անձիք այսուհետ հատուկ դասընթացներ կանցնեն

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության նոր որոշման նախագիծ է հրապարակել:

Որոշման ընդունման դեպքում կսահմանվեն որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը, դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջներ:

Սույն կարգով կարգավորվում են որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների (այսուհետ՝ դասընթաց) անցկացման  հետ կապված հարաբերությունները:

Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված իմաստով:

Որդեգրել ցանկացող անձանց համար դասընթացները կազմակերպվում են  որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության  համար անհրաժեշտ՝ որդեգրող ծնողի գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման, որդեգրման առաջավոր փորձի ներկայացման, ինչպես նաև դրանք որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության ընթացքում կիրառելու նպատակով:

Որդեգրել ցանկացող անձինք դասընթացներ անցնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացությունը ստանալուց հետո: Երեխա որդեգրելու հնարավորության մասին բացասական եզրակացություն ստացած քաղաքացիները դասընթացներին չեն մասնակցում:

Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած երեխայի մերձավոր ազգականները կարող են չմասնակցել դասընթացներին:

Դասընթացն իրականացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Աշխատանքի և ազգային հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով սահմանված կարգով ընտրված իրավաբանական կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անձը (այսուհետ՝ կազմակերպություն):

Կազմակերպությունը կազմակերպում և իրականացնում է դասընթացի ողջ գործընթացը (դասընթացի ծրագրի մշակում, մասնակիցների հրավիրում, դասընթացավարների ընտրություն, դասընթացի վարում, լրացուցիչ դասընթացին մասնակցելու ցանկը կազմելու նպատակով որդեգրել ցանկացող անձանց կարողությունների գնահատում, հավաստագրերի տրամադրում և այլն):

Դասընթացն իրականացվում է տեսական դասընթացների և գործնական պարապմունքների անցկացման միջոցով:

Հիմնական դասընթացի տևողությունը նվազագույնը քառասուն ակադեմիական ժամ է: Հաշվի առնելով որդեգրման ենթակա երեխայի խնամքի առանձնահատկությունները`   դասընթացը կազմակերպվում է 2 խմբով՝ ընդհանուր և մասնագիտացված:

Դասընթացի անցկացման ժամանակացույցը, թեմաները և ուսումնական նյութերը հաստատում է լիազորած պետական մարմնի ղեկավարը, որոնք տեղադրվում են լիազորած պետական մարմնի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) պաշտոնական կայքէջերում:

Լիազորած պետական մարմինը՝ ըստ կենտրոնացված հաշվառման հերթականության, կազմում է որդեգրել ցանկացող անձանց դասընթացի մասնակիցների ցանկը (այսուհետ՝ մասնակիցների ցանկ) և դասընթացը սկսելու օրվանից առնվազն քսան օր առաջ փոխանցում է կազմակերպությանը՝ դրան կցելով այդ անձանց անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները:

Կազմակերպությունը դասընթացի անցկացման մասին որդեգրել ցանկացող անձանց անհատական ծանուցմամբ տեղեկացնում է ոչ ուշ, քան դասընթացը սկսելու օրվանից առնվազն տասնհինգ օր առաջ՝ (բնակության վայրի փոստային կապի միջոցով պատվիրված նամակ ուղարկելու կամ հեռախոսազանգի կամ կարճ հաղորդագրություն ուղարկելու կամ էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկատվություն ուղարկելու կամ հետադարձ կապ հաստատելու համար այլ միջոցով իրազեկելով) և դասընթացի մասին հայտարարությունը լիազորած պետական մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով:

Սույն կարգի 12-րդ կետում նշված անհատական ծանուցումը և հայտարարությունը պետք է ներառեն դասընթացի անցկացման վայրի, սկզբի, տևողության, դասընթացին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի մասին տվյալներ:

Դասընթացի մասնակիցների գրանցումը կատարում է կազմակերպությունը դասընթացի առաջին օրը կամ առաջին օրը չներկայացման դեպքում՝ հաջորդող ներկայացման օրը: Գրանցման համար մասնակիցը պետք է ներկայացնի անձնագիր կամ նույնականացման քարտ:

Դասընթացի ընթացքում կազմակերպության կողմից վարվում է մասնակիցների հաճախումների մատյան, որտեղ յուրաքանչյուր օրվա համար կատարվում են նշումներ՝ մասնակիցների հաճախումների վերաբերյալ:

Դասընթացի ավելի քան մեկ երրորդից բացակայելու դեպքում, անձը համարվում է դասընթացը չանցած: Դասընթացը չանցած մասնակիցը, ընդհանուր հիմունքներով մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համադրման գործընթացում ընդգրկվելը, կարող է մասնակցել հաջորդող որևէ  դասընթացի:

Դասընթացն ավարտելուց հետո եռօրյա ժամկետում կազմակերպությունը լիազորած պետական մարմնին է ներկայացնում դասընթացի անցկացման հաշվետվություն՝ ներառելով դասընթացն անցած մասնակիցների անվանական ցանկը՝ յուրաքանչյուրի անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, հաճախումները, դասընթացի արդյունքների եզրակացությունը և լրացուցիչ այլ տվյալներ:

Լիազորած պետական մարմինը, հավաստագիր ստացած մասնակիցների ցանկը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, տեղեկատվության ինքնաշխատ փոխանակությունն իրականացնող տեղեկատվական համակարգում՝ հանրապետական մակարդակում, մուտքագրում է որդեգել ցանկացող անձի՝ դասընթացն անցած լինելու մասին համապատասխան տեղեկատվություն, որը մուտքագրման պահից, առցանց՝ դիտման իրավասությամբ (դիտողի կարգավիճակով) հասանելի է Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանին), ընդ որում, յուրաքանչյուր մարզպետարանին (Երևանի քաղաքապետարանին) դիտման իրավասությամբ հասանելի են միայն  այն անձանց մասին տվյալները, որոնք, որպես  որդեգրել ցանկացող անձ են հաշվառվել տվյալ մարզում (Երևան քաղաքում):

Դասընթացի հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության որոտում իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքը երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում ապահովելն է՝ խնամքի հաստատությունից երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալության (հոգաբարձության) կամ որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիքում խնամքը կազմակերպելու և այլընտրանքային ծառայությունների տրամադրման միջոցով:

Վերոհիշյալ քաղաքականությունից ելնելով կարևորվում է որդեգրել ցան­կա­­ցող անձանց համար դասընթացի կազմակերպումը, ինչը թույլ կտա զարգացնել որդեգրել ցանկացող անձանց ծնողավարման հմտությունները, ձեռք բերել բավարար ունակություններ ու հնարավորություններ՝ ապահովելու համար երեխայի պատշաճ խնամքը, դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը:

Դասընթացի անցկացման պահանջի սահմանումը ՀՀ ընտանեկան օրենսգրքում պայմանավորված է միջազգային դրական և հաջողված փորձով: Եվրոպական այն երկրներում, որտեղ իրականացվում են դասընթացներ, դիտարկումները ցույց են տվել, որ այդ դասընթացներն անցած որդեգրել ցանկացող անձինք ծնողական հատուկ բարդությունների և փոփոխությունների հարցում շատ ավելի բավարարված են իրենց ծնողական դերով և ավելի ամուր հոգևոր կապ են հաստատում իրենց երեխաների հետ, քան նրանք, ովքեր չեն անցել դասընթացներ: Որքան ավելի իրատեսական են որդեգրողների պատկերացումները ապագա երեխայի մասին, այն բարդությունների, որոնք կապված են օտար երեխայի դաստիարակության հետ, այնքան ավելի ամուր է այն հոգևոր կապը, որ նրանք ձևավորում են ընտանիքում:

ՆՊԱՏԱԿԸ

Ծրագրի նպատակն է ապահովել որդեգրողների ընտանիքներում որդեգրված երեխայի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունը, երեխայի խնամքի և դաստիարակության որակը:

III.  ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ 

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության համար որդեգրել ցանկացող անձանց ոչ բավարար պատրաստվածությունը:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ այլընտրանքային խնամքի կարգավորումների վերաբերյալ որդեգրել ցանկացող անձանց ոչ բավարար իրազեկվածությունը:

Որդեգրված երեխաների սոցիալական, հոգեբանական կարիքների և տարիքային զարգացման առանձնահատկությունների ճանաչման անհրաժեշտությունը:

Այլընտրանքային խնամքի կազմակերպման գործընթացների վերաբերյալ մեթոդական ուղեցույցների անբավարարությունը:

Որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկման գործիքների անբավարարությունը և դրանց կիրառման համար հստակ ուղեցույցների բացակայությունը:

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Դասընթացի ուղղություններն են՝ հոգեբանական, մանկավարժական, խորհրդատվական-մեթոդական, տեղեկատվական-կրթական, զարգացման և սոցիալական պաշտպանության.

1) հոգեբանական  ուղղությունը ներառում է երեխայի բանավոր և գրավոր խոսքի ուղղման և զարգացման կանխարգելիչ աշխատանքներ,

2) մանկավարժական ուղղությունը ներառում է երեխայի ճանաչողական գործունեության ուղղման և զարգացման, գիտելիքների բացերի վերացման, դպրոցական առարկաների յուրացման, ուսուցման հանձնարարությունների կատարման հմտությունների ուսուցման, ժամանակի կազմակերպման, սոցիալական հարմարվողականությանն ուղղված գիտելիքների ձեռքբերման աշխատանքներ.

3) սոցիալական պաշտպանության ուղղությունը ներառում է երեխայի իրավունքների պաշտպանության ապահովման, երեխայի սոցիալական վարքի հմտությունների, սոցիալական իրավասությունների և իրավական վարքագծի ձեռքբերմանն ուղղված աշխատանքներ.

4) խորհրդատվական մեթոդական ուղղությունը ներառում է որդեգրողներին բժշկական, սոցիալական և իրավական հարցերում մեթոդական օգնության տրամադրում, նրանց երեխաների, այդ թվում հաշմանդամություն ունեցող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթական, դաստիարակչական, բժշկական, սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված աշախատանքներ.

5) տեղեկատվական կրթական  ուղղությունը ներառում է դասախոսությունների, քննարկումների, տպագիր նյութերի, թեմատիկ շնորհանդեսների միջոցով տեղեկատվության տիրապետման նպատակով աջակցության տրամադրման աշխատանքներ: Դրա նպատակն է պարզաբանել մասնակիցներին երեխայի, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի իրականացման գործընթացում ի հայտ եկած խնդիրները:

Հաշմանդամություն ունեցող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին որդեգրել ցանկացող անձանց դասընթացներն իրականացվում են համաձայն ընդհանուր և մասնագիտացված մոդուլների:

Դասընթացի մեթոդներն են`

համառոտ դասախոսություններ՝ Power Point ծրագրային փաթեթով.

գործնական պարապմունքներ՝ վարժանքներ, դերային խաղեր.

ինտերակտիվ քննարկումներ և փորձի փոխանակում, հրավիրյալ խոսնակների կողմից ներկայացումներ (փորձառու խնամողներ՝ որդեգիր, խնամատար ծնող, խնամակալ (հոգաբարձու), հաստատության մասնագետներ)

Տեսանյութերի, գիտափորձերի դիտումներ:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրից ակնկալվող արդյունքն է.

 երեխա որդեգել ցանկացող անձինք տիրապետում են ծնողի համար ծնողավարման մասին անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների, ձեռք են բերել բավարար ունակություններ և հմտություններ՝ երեխայի պատշաճ խնամքը, դաստիարակությունը, նրանց օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄՈԴՈՒԼՆԵՐԸ, ԾԱՎԱԼԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ  ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Դասընթացը բաղկացած է երկու մոդուլից՝ հիմնական և լրացուցիչ: Հիմնական մոդուլով իրականացվող դասընթացը իրականացվում է խմբային մեթոդով և լսարանային պայմաններում: Լրացուցիչ դասընթացն իրականացվում է հիմնական մոդուլով դասընթացից հետո՝ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները յուրացնելու նպատակով, մասնավորապես՝ անհատական խորհրդատվության, խմբային զրույցների, մենթորության, փորձառու որդեգիր ծնողների փորձի փոխանցման, և այլ միջոցներով: Հիմնական մոդուլով դասընթացի նվազագույն տևողությունը 40 ժամ է, լրացուցիչ մոդուլով դասընթացի առավելագույն տևողությունը ևս 40 ժամ է:

Հիմնական դասընթացի արդյունքները գնահատվում են մասնակիցների շրջանում հարցաթերթային հարցման և հարցազրույցի միջոցով:

Հարցաթերթային հարցման, զրույցի և որդեգրել ցանկացող անձանց կարիքների գնահատման հիման վրա առանձնացվում է լրացուցիչ դասընթացի կարիք ունեցողների ցանկը։

Սույն որոշման հավելված 1-ի 16-րդ կետում սահմանված նորմն ապահոված դասընթացի մասնակիցներին հանձնվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական նմուշի   հավաստագիր:

 

Հավելված N 3

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի

2016թ. ———–ի N-Ա/1 հրամանի

ՑԱՆԿ

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ  ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ  ՀԱՄԱՐ  ՆԱԽԱՏԵՍՎԱԾ  ԹԵՄԱՆԵՐԻ 

Հ/Հ Թեմաների անվանումներն ըստ կրթաբլոկների Ժամաքանակ
Ընդամենը Տեսական Գործնական
1. Ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի կրթական ծրագիր 2 ժամ 2 ժամ 0
1.1. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը և դրանցից բխող այլ նորմատիվ իրավական ակտերը 1 ժամ 1 ժամ 0
1.2. ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը և դրանցից բխող այլ նորմատիվ իրավական ակտերը 1 ժամ 1 ժամ 0
2. Կրթական ծրագիր 38 ժամ 18 ժամ 20 ժամ
2.1 Որդեգրության կազմակերպման գործընթացը՝  նախապատրաստում, համադրում, գործընթացի կազմակերպում, վերահսկողություն 8 ժամ 4 ժամ 4 ժամ
2.2 Երեխայի իրավունքների  իրացումը  որդեգրության համատեքստում 2 ժամ 1 ժամ 1 ժամ
2.3.

Երեխայի  անձի  ձևավավորումը և նրա հոգեբանական զարգացման առանձնահատկությունները:

Ճգնաժամային փուլերը։

4 ժամ 2 ժամ 2 ժամ
2.4. Երեխաների ուշադրության և իմացական գործընթացների զարգացման օրինաչափությունները  և  առանձնահատկությունները։ 4 ժամ 2 ժամ 2 ժամ
2.5. Ծնողավարման հմտություններ 4 ժամ 2 ժամ 2 ժամ
2.6 Երեխաների խնամքը և դաստիարակությունը որպես նրանց ճանաչման  միջոց: 2 ժամ 1 ժամ 1 ժամ
2.7 Կապվածություն և դեպրիվացիա 4 ժամ 2 ժամ 2 ժամ
2.8. Երեխաների հանդեպ բռնությունները. ճանաչումը և մեկնաբանումը 3 ժամ 1 ժամ 1 ժամ
2.9 Սթրես, դիսթրես: Հետվնասվածքային սթրեսային խանգարումներ։ 2 ժամ 1 ժամ 1 ժամ
2.10 Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի առանձնահատկությունները 6 ժամ 2 ժամ 4 ժամ
  Ընդամենը 40 ժամ 20 ժամ        20 ժամ
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել