Ճառագայթային բուժման կենտրոնը կլուծարվի

Կառավարության վաղվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելուն:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելու է նոր որոշման նախագիծը.

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

«Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 07.10.2010թ. թիվ 1424-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի» 2-րդ փուլով նախատեսված ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման ձևաչափի փոփոխությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

           Համաձայն ՀՀ կառավարության 07.10.2010թ. թիվ 1424-Ն որոշման՝ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման 2-րդ փուլով նախատեսվել է հիմնադրել Ճառագայթային բուժման կենտրոն, որի ստեղծման ամբողջ աշխատանքը (կառուցում, հագեցում) պետք է իրականացվեր Համաշխարհային բանկի (այսուհետ՝ ՀԲ) ֆինանսավորմամբ՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային թիվ 5222-ԱՄ ծրագրի շրջանակներում։ Միաժամանակ, որպես առաջին քայլ, ՀԲ պահանջն էր հիմնադրել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։

22.8 մլն. ՓՀԻ (XDR) արժեքով «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային թիվ 5222-ԱՄ ծրագրի Համաձայնագիրը (այսուհետ` Վարկային ծրագիր), որը ստորագրման պահին համարժեք է եղել 35 մլն. ԱՄՆ դոլարին:

           Ներկայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՀԻ (XDR)-դոլար փոխարժեքի տատանման արդյունքում դոլարով միջոցները նվազել են և 35 մլն. ԱՄՆ դոլարը դարձել է 32 մլն. ԱՄՆ դոլար, ՀՀ կառավարությունը դիմել է ՀԲ՝ Ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման համար նախատեսված գումարները այլ ուղղություններով վերաբաշխելու նպատակով։ Վերջինիս համաձայնությունը ստանալուց հետո ձեռնարկվել է վարկային համաձայնագրի փոփոխության գործընթաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 07.04.2018թ.-ին վարկային համաձայնագրի փոփոխությունը հաստատվել է ՀՀ Նախագահի կողմից, իսկ ուժի մեջ է մտել 25.04.2018թ.-ին:

Միաժամանակ, Ճառագայթային բուժման կենտրոնը ստեղծելու համար ՀՀ պետական բյուջեից ևս չկան նախատեսված համապատասխան ֆինանսական միջոցներ։

Այնուամենայնիվ, կարևորելով չարորակ նորագոյացությունների արդյունավետ բուժման և կառավարման ժամանակակից կարողությունների ստեղծումը Հայաստանում, ճառագայթային բուժման զարգացումը  պլանավորվում է իրականացնել մասնավոր ներդրողների կողմից։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Իրավական ակտի նախագծի նպատակն է Հայաստանում մատուցվող ճառագայթային բուժման ծառայությունների որակի բարելավման հեռանկարներից ելնելով՝ ստեղծել հնարավորինս շահավետ միջավայր՝ մասնավոր ներդրողներին գրավելու տեսանկյունից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն մասնավոր ներդրումների ներգրավման հնարավոր ձևաչափերը:

»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել