«Այբ» կրթական հիմնադրամը բաց նամակ-արձագանք է հրապարակել`
մայիսի 20-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հնչեցրած խոսքին։
«Հարգելի՛ պարոն նախարար, Մայիսի 20-ի Ձեր հեռուստատեսային խոսքում անդրադարձ կար պետության կողմից
ֆինանսավորվող որոշ ծրագրերի, որոնց մասին մասնավորապես ասում եք․ «Էլիտարդպրոցներին ՀՀ ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների»։Մի կողմ թողնելով հնչեցված ձևակերպմանընտրությունը՝ ուզում ենք հավատալ, որ այս հայտարարությունն արված է անբավարար կամ սխալ տեղեկատվության հետևանքով։
Որպես տեղեկանք՝ ցանկանում ենք նշել, որ եթե ակնարկում եք «Այբ» դպրոցին, ապա այն որևէ ձևաչափով երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրամի կարգավիճակով։ «Այբ» դպրոցը կառուցվել է բացառապես հարյուրավոր բարերարների միջոցներով, իր գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հավաքում է բարերարների և ծնողների մասնակցությամբ։ Նշենք նաև, որ «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 70 տոկոսը չի վճարում կամ մասնակի է վճարում իր կրթության համար՝ բարերարների կուռ համայնքի աջակցությամբ։ «Այբ» ավագ դպրոցում դրա շնորհիվ կրթության հավասար հնարավորություն են ստանում բոլորը՝ անկախ վճարունակությունից և բնակության վայրից՝ Երևանից, մարզերից, Արցախից, սփյուռքից։ Ավելին, անհրաժեշտության դեպքում մարզերի և Արցախի աշակերտների կեցության հարցը նույնպես հոգում է դպրոցը։
«Այբ» կրթական հիմնադրամը (խնդրում ենք չշփոթել «Այբ» դպրոցի հետ, դրանք տարբեր կազմակերպություններ են) ստեղծվել է 2006 թվականին՝ Հայաստանում բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր ստեղծելու և մեր երկրի ապագան կրթությամբ վերափոխելու
նպատակով: Այս հավակնոտ գաղափարի շուրջ համախմբվել են հարյուրավոր համախոհ բարերարներ, կրթության ոլորտ են ուղղվել տասնյակ միլիոնավոր դոլարներ, կրթությամբ երկիրը վերափոխելու գաղափարով «վարակվել» են հազարավոր մարդիկ: Մեզ վստահել են: Իր գործունեության 12 տարիների ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամը ձգտել է ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը, ուստի այդ նպատակով հանրակրթության ոլորտում իրականացրել է բազմաբնույթ ծրագրեր, որոնք խթան են ծառայում մեր երկրի ամբողջ կրթական համակարգի զարգացման համար: Եվ հենց այս ծրագրերի մշակման և ներդրման բարեհաջող փորձի արդյունքում «Այբ»-ը կարողացել է ծրագրերում ներգրավել հեղինակավոր միջազգային գործընկերների (դրանց անունների և ներգրավման ձևաչափի մասին ավելի մանրամասն կխոսենք ստորև), որոնք անչափ բարձր են գնահատել «Այբ»-ի անցած ճանապարհը, հավակնությունները, համախմբած ներուժն ու, ամենակարևորը, արձանագրած արդյունքները: Սրանք սոսկ խոսքեր չեն. այս կազմակերպությունների գործուն մասնակցությունն «Այբ»-ի ծրագրերին ուղղակի անհնար կլիներ շոշափելի արդյունքների և սարեր շուռ տալու պատրաստ թիմի բացակայության դեպքում: Նման հեղինակավոր գործընկերներ ունենալն իրագործված հավակնոտ ծրագրերի, տարիներով ձևավորված վստահության արդյունք
է։
Թույլ տվեք տեղեկացնել, որ «Այբ» կրթական հիմնադրամի իրականացրած նախագծերի թվում Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ) միակն է, որ համաֆինանսավորվում է պետության կողմից։ ԿԳԱԾ-ի նպատակն է հայալեզու, որակյալ, միջազգայնորեն մրցունակ և անվճար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի բոլոր աշակերտներին, և այդ
նախագծի հիմնական գործիքը «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրն է։
Շատ է խոսվում կրթական բարեփոխումների մասին, որ դպրոցը պետք է ձևավորի ստեղծագործ, քննադատական մտածողությամբ և 21-րդ դարիհմտություններովօժտված մարդու, որ կրթությունը պետք է լինի աշակերտակենտրոն, որ պետք է գնահատվեն ոչ թե վերացական, այլ իրական գիտելիքներն ու հմտությունները, որ ուսուցիչների, տնօրենների որակը պետք է փոխվի և այլն:
Բոլոր պետություններն էլ ուզում են ունենալ նման չափանիշներին համապատասխան կրթական համակարգ։ Սակայն այստեղ կարևորը ոչ թե ուզելն է, այլ դա կյանքի կոչելու կարողությունը: Հայաստանը, չգնալով պատճենման ճանապարհով, այն բացառիկ երկրներից է, որը մշակել է իր սեփական կրթական ծրագիրը՝ ուրույն բովանդակությամբ, ուսուցիչների և տնօրենների
մասնագիտական զարգացման բաղադրիչով, քննական կենտրոնով ու քննություններով, և այդ ամենը փորձարկված է, միջազգայնորեն մրցունակ և միջազգայնորեն ճանաչված է։ Եվ ամենակարևորն այն է, որ Հայաստանում ստեղծվել է ինստիտուցիոնալ կարողություն, որը ոչ
միայն հիմնել է նման համակարգ, այլև ունակ է այն մշտապես զարգացնելու` կրթությանը ներկայացվող պահանջների հարատև փոփոխության պայմաններում: Այսպիսով՝ Հայաստանն այսօր ունի ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր, որը Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կենտրոնի և Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալության (UK NARIC) կողմից համազոր է ճանաչվել բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին։ Այս պահի դրությամբ ԱԲ-ի հավաստագիրը ճանաչված է նաև 9 երկրի 36 առաջատար այնպիսի համալսարանների կողմից, ինչպիսին են Քեմբրիջի համալսարանը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, Վիեննայի բժշկական համալսարանը, Լոնդոնի թագավորական քոլեջը, «Կառավարման բարձրագույն ինստիտուտ» միջազգային բիզնես դպրոցը և այլն։
Մյուս բաղկացուցիչը ուսուցիչների մասնագիտական զարգացման փորձարկված ծրագիրն է, որը մշակվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ, և որի մասնակից հարյուրավոր ուսուցիչներն առաջիկայում պետք է դասավանդեն ծրագրում ընդգրկված մարզային դպրոցներում։
Դրան զուգահեռ, նույն միջազգային գործընկերոջ հետ մշակվել է նաև պետական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների զարգացման ծրագիր։ Կրթական այս լայնամասշտաբ նախագիծն ամբողջականացնելու մյուս բաղկացուցիչը հայալեզու միջազգային քննությունների անցկացման հնարավորությունն է և դրանց որակավորումներն ապահովող քննական կենտրոնի առկայությունը։ Սա մենք նույնպես մշակել և գործողության մեջ ենք դրել Քեմբրիջի համալսարանի հետ համագործակցությամբ։ Այս ամենը փորձարկված է և լիարժեք պատրաստ է Հայաստանի մարզերի և Արցախի դպրոցներում ներդրման։ Եվ սա միայն առաջին քայլն է՝ անվճար որակյալ կրթությունը բոլոր աշակերտների համար հասանելի դարձնելու ճանապարհին։
ԿԳԱԾ-ը պետական ծրագիր է, որը սպասումներ է ձևավորել հանրության լայն շրջանակում։ Եվ խոսքը միայն առաջին փուլով ընտրված ԱԲ-ի թեկնածու տասնյակ դպրոցների ուսուցիչների և աշակերտների մասին չէ։ Շրջանակը շատ ավելի լայն է, քանի որ ծրագրի ազդեցությունն արդեն շոշափելի է։
Հարկ ենք համարում նշել, որ «Այբ»-ը միշտ պատրաստ է եղել և ցանկացել է իր ստեղծածը՝ որպես հանրային արժեք, ծառայեցնել ընդհանուր շահին։ Որպես ապացույց՝ կառավարության 2014 թ. հունիսի 12-ի որոշմամբ՝ ծրագրի իրականացման համար պետք է ստեղծվեր առանձին «Կրթության
գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ, սակայն «Այբ»-ից անկախ տարբեր պատճառներով, այդ թվում՝ ծախսերի նվազեցման նպատակով, կառավարության մեկ այլ՝ հոկտեմբերի 16-ի որոշմամբ՝ ծրագրի իրականացումը հանձնվեց «Այբ» կրթական հիմնադրամին։
Այս պահին ևս մեկ անգամ հայտնում ենք պատրաստակամություն՝ քննարկելու մեր ստեղծած արդյունքը համապատասխան մարմնին փոխանցելու հնարավորությունը։
Արարատյան բակալավրիատն արդեն իրողություն է։ Եվ մեր երկրի այս նվաճումն անտեսելը ոչ միայն անհեռանկար է, այլև վնասում է Հայաստանի հեղինակությանը, կասկածի տակ դնում միջազգային հեղինակավոր կրթական կառույցների մասնագիտական կարողությունները և
հուսախաբ անում ԱԲ-ի հազարավոր շահառուներին՝ աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին և տնօրեններին։
Մենք հասկանում ենք, որ շատ դժվար է հավատալ, որ նման կոռումպացված միջավայրում կարող են լինել անհատներ և կառույցներ, որոնք գործում են ազնիվ, բաց և գաղափարին հավատարիմ մնալով։ Սակայն «Այբ»-ը՝ իր գործունեությամբ և գոյությամբ, այս մոտեցումների ապացույցն է։ Ներկայացված տեղեկույթը ծրագրի և դրա արդեն տեսանելի արդյունքների մի փոքր մասն է միայն։ Իսկ ամբողջը ներկայացնելու համար առաջարկում ենք հանդիպել՝ Ձեր նախընտրած ձևաչափով։
Մենք՝ որպես Հայաստանի լավագույն ապագան որակապես նոր կրթության հետ կապող կառույց, պատրաստ ենք Ձեզ հետ մասնագիտական շարունակական քննարկումների, ինչպես նաև փոխանցելու այն փորձը, որ կուտակել ենք ՀՀ կրթության ապագայի տեսլականի իրականացմանը մեր 12 տարվա ամենօրյա մասնակցությամբ։
Հարգանքով՝
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ»։