Կվերանայվի ուսուցիչների ատեստավորման համակարգը. Արայիկ Հարությունյան

Դպրոցների էլիտարացման որևէ մոդել անընդունելի է, քանի որ այն չի ծառայում ոլորտի ամբողջական բարելավմանը. այս մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպմանը: Անդրադառնալով դպրոցներում Արարարատյան բակալավրիատի համակարգի ներդրման՝ արդեն իսկ մեկնարկած ծրագրի շարունակականության հարցին, նախարարը, մասնավորապես, նշել է. «Ես գիտեմ նաև, որ այս ծրագրում կա կուտակված դրական փորձ, որը սխալ կլինի զրոյացնել: Մենք պետք է մտածենք այդ փորձը հնարավորինս արդյունավետ օգտագործելու մասին, թե ինչ ձևաչափով` պետք է մտածել և գտնել»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ հանձնարարված է ֆինանսական աուդիտ իրականացնել Արարարատյան բակալավրիատի ծրագրում:

Արայիկ Հարությունյանն ընդունելի է համարել տնօրեններից մեկի առաջարկը` նախարարին կից տնօրենների խորհուրդ ստեղծելու վերաբերյալ: Նա նաև տեղեկացրել է, որ նախարարին կից ստեղծվելու է փորձագետների խորհուրդ, որի նպատակը կուտակված փորձի օգտագործումն է կրթական քաղաքականության մեջ:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև ուսուցիչների ատեստավորմանը՝ նշելով, որ նախկինում գործող համակարգն արդյունավետ չէ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ այս տարիների ընթացքում չի եղել գեթ մեկ դեպք, երբ ուսուցիչը չի հանձնել ատեստավորման քննությունը. «Ատեստավորման նոր համակարգ կիրառելու՝ նախկինից մշակված նախագիծ կա, որին ես հավանություն եմ տվել: Դա ենթադրում է մասնագիտական գիտելիքների վերաբերյալ ստուգումների համակարգի կիրառում, որը նրանց նաև որոշակի առավելություն, ինչպես նաև հավելավճար կապահովի»,-նշել է Ա. Հարությունյանը և հավելել, որ տարակարգերի գործող համակարգի արդյունավետությունը ևս կարող է դառնալ քննարկման թեմա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցների և ուսուցիչների գործունեությանն առնչվող բազմաթիվ այլ հարցերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել