Մայիսի 21-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների աշխատանքային հանդիպումը:
Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ԲԴԽ նախագահը դատավորներին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի ձեռնարկած հիմնական քայլերը, ծրագրային մոտեցումները, առաջիկա գործողությունների ժամանակացույցը, ինչը բխում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից: Կարևորվեց որ, Օրենսգրքով կան հստակ սահմանված ժամկետներ, որոնց պահպանումը պարտադիր է: Դա վերաբերում է ոչ միայն անհրաժեշտ իրավական ակտերի նախապատրաստմանն ու ընդունմանը, այլև վեցամսյա ժամկետում դատարանների նախագահների նշանակմանը, կառուցակարգային բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Խորհրդի նախագահն առանձնակի կարևորեց Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. ապրիլի 12-ի որոշման հետևողական իրացումը, որում մասնավորապես շեշտվել է. «Անթույլատրելի համարել դատավորի գործունեությանը որևէ միջամտություն, այդ թվում՝ կոնկրետ գործի քննության առնչությամբ հանրային իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռախոսային կամ այլ բնույթի հաղորդակցությունը գործը քննող դատավորի կամ դատարանի նախագահի հետ, ինչպես նաև այդ առնչությամբ հրապարակային հայտարարություն անելը՝դա համարելով միջամտություն դատավորի գործունեությանը և դատարանի անկախությանը»:
Գոհունակություն հայտնվեց, որ այս հարցում առկա է նաև երկրի քաղաքական իշխանությունների հստակ դիրքորոշումը՝ բացառել որևէ միջամտություն արդարադատական գործընթացին և ակնկալել երկրում ունենալ անկախ ու միաժամանակ օրենքի առջև պատասխանատու դատարաններ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրեց նաև առկա մի շարք խնդիրների լուծման առնչությամբ Խորհրդի կոնկրետ մոտեցումները:
Առանձին հարցերի առնչությամբ դիրքորոշումներ արտահայտեցին նաև հանդիպման մասնակիցները՝ կարևորելով նման հանդիպումների անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գործող 64 դատավորներից 60-ը, երեքը հերթապահություն էին իրականացնում, մեկ դատավոր բացակայում էր հարգելի պատճառով: