Հասարակական կազմակերպությունները ներկայացրել են իրենց առաջարկները՝ Կառավարության նոր ծրագրում ներառելու համար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ  մայիսի 21-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները Կառավարության նոր ծրագրում ներառելու հարցը:

Նիստին մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը, Վիգեն Քոչարյանը, Արտակ Ասատրյանը, երկու տասնյակը գերազանցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարար Զեյնալյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ արդարադատության նախարարությունը Խորհրդի անդամներից ակնկալում է առաջարկություններ, որոնք պետք է քննարկվեն և ընդգրկվեն կառավարության նոր ծրագրում:

Նախարարը տեղեկացրել է, որ կառավարության նոր ծրագիրը 2018-2022 թվականներին է ուղղված լինելու և պարզաբանել, որ իրավական առումով այլ հնարավորություն տրված չէ՝ չնայած որ նախատեսվում է հնարավորինս շուտ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի պարզ լինի  օրենսդիր մարմնի իրական պատկերը և որ գործադիր իշխանությունն էլ արտահայտի ժողովրդի կամքը:

Հասարակական խորհրդի անդամները  առաջարկներ են ներկայացրել՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը,  քրեակատարողական հիմնարկների, դատապարտյալների պահպան պայմանների, նրանց առողջության պահպանման, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի, Պրոբացիոն ծառայության բարելավմանը:

Նիստին մասնակցել է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ով ներկայացրել է ԻՀԱ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակառուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն կրթության,  կոռուպցիայի կանխարգելման, բիզնես ոլորտի, ներառյալ՝ հարկային և ազատ տնտեսական մրցակցության, ընտրական, դատական և իրավապահ ոլորտների, ինչպես նաև ներկայացրել է արդարադատության  և մարդու իրավունքերի ոլորտների վերաբերյալ առաջարկությունները և այդ  առաջարկություների գրավոր փաթեթը հանձնել արդարադատության նախարարության ներկայացուցիչներին:

Հնչել են նաև կարծիքներ ՀՀ ընտրական օրենսգրքում, «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել դիտորդական  ինստիտուտի և գրավի  ինստիտուտի բարելավմանը,  դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը և այլ հարցերի:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում բարձրացված առաջարկները սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել Արդարադատության նախարարություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել