2017թ-ին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քանակը 180-ով նվազել է․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը դատախազության 2017թ. գործունեության վերաբերյալ հաղորդումից մի հատված է ներկայացրել․

«2017թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 986 միջնորդություն, որից բավարարվել է 912-ը կամ 92.5%-ը, մերժվել՝ 74-ը կամ 7.5%-ը: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2017թ. ընթացքում ներկայացված միջնորդությունների 12.9%-ի դեպքում կիրառվել է կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Համեմատության համար նշենք, որ 2016թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 1166 միջնորդություն, որոնցից բավարարվել է 1054-ը կամ 90.4%-ը, մերժվել 112-ը կամ 9.6%-ը՝: 114-ի դեպքում ընտրվել է կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2016թ. ընթացքում ներկայացված միջնորդությունների 10.8%-ի դեպքում է կիրառվել կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Այսպիսով, 2016 թվականի համեմատ, 2017 թվականին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քանակը 180-ով կամ 15.4%-ով նվազել է:

Իսկ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների բավարարման տոկոսային ցուցանիշն աճել է 2.1%-ով:
2017թ. ընթացքում կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու դեպքերը աճել են 3.5%-ով:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2017թ. ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների նվազումը ու դրանց բավարարման ցուցանիշի տոկոսային աճն ուղղակիորեն կապված է Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների հիմնավորվածության և իրավաչափության միասնական չափանիշներ սահմանելու և կիրառելու հետ:

Այսպես. 2017թ. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել և վեր են հանվել այս ոլորտում առկա գործնական խնդիրներն ու առաջարկվել հստակ լուծումներ:
Ուսումնասիրության շրջանակներում վերլուծվել են ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի ապահովման չափանիշների վերաբերյալ ՄԻԵԴ-ի ձևավորած նախադեպային իրավունքը և ներպետական իրավական կարգավորումները:

Հատուկ ուշադրության և վերլուծության են արժանացել Հայաստանի դեմ գործերով ՄԻԵԴ-ի վճիռներում արձանագրված իրավիճակներն ու խախտումները՝ փաստելով, որ դրանք հետևանք են նաև կալանավորման հիմքերի պարզմանն ու հիմնավորմանն ուղղված բավարար միջոցներ չձեռնարկելու, ինչպես նաև անհետևողականության կամ չիմացության պատճառով խափանման միջոց կալանավորում կիրառելու բավարար հիմքերի ակնհայտ առկայության պայմաններում քննիչի կողմից դրանք միջնորդության մեջ չարտացոլելու և չվերլուծելու:

Աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները քննարկվել են ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում, որի արդյունքում ընդունված որոշմամբ հստակ սահմանվել են նախքան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելը, դրա հիմնավորվածությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելիք պարտադիր դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Դատախազներին հանձնարարվել է նաև ապահովել, որպեսզի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունները բովանդակեն գործի քննությունն ապահովելու ուղղությամբ քննության մարմնի դրսևորած պատշաճ ջանասիրությունը հիմնավորելու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ ցույց տալով արդեն իսկ կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների ծավալը, ինչպես նաև ներկայացնելով տվյալներ կատարվելիք գործողությունների մասին, հիմնավորելով, որ դրանք ավելի վաղ չէին կարող կատարվել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել