Մայիսի 20-ին, ժամը 15:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյաց փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում գտնվող ոչ բնակելի շենքի առաջին հարկից ծուխ է նկատվում:
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի մասնաշենքի գիտատեխնիկական գրադարանի գրապահոցի ներքնահարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 16:56-ին: 150 քմ տարածքում ամբողջությամբ այրվել են արտադրական հաստոցներ՝ 15 հատ և կենցաղային իրեր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: