Քաղաքացու տնօրինվող եկամուտն ու նույն փողի գնողունակությունը վերջին տարիներին շարունակաբար նվազում են. նոր օրենքի նախագիծ

Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Գևորգ Գորգիսյանը նոր օրենքի նախագիծ են ներկայացրել՝ աշխատանքային օրենգրքում լրացում կատարելու վերաբերյալ:

Նրանք առաջարկում են աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով.

«3. Հայաստնի Հանրապետությունում հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների բարձրացման հետևանքով հարկատու ֆիզիկական անձի կողմից ստացվող մաքուր աշխատավարձի գումարը կամ աշխատավարձին հավասարեցված այլ հատուցումը չի կարող նվազել»։

 

Հիմնավորման մեջ պատգամավորները նշել են, որ ընթացիկ տարվա հունվարի 01-ից ուժի մեջ մտան Հայաստանի Հանրապետության նոր հարկային օրենսգրքի հիմնական դրույթները՝ այդ թվում նաեև եկամտային և այլ հարկերի բարձրացման մասով։ Ընդ որում, կառավարության կողմից չի էլ հերքվում, որ այդ գումարներն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության կողմից վերցված (և մեծ հաշվով ոչ նպատակային օգտագործված) վարկերն ու այլ պարտավորությունները մարելու համար։

Նախորդ տարվանից ուժի մեջ է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը, որով այդ հատուցման ողջ բեռը ևս դրվում է հասարակ քաղաքացիների ուսերին։

Մյուս կողմից, ընդամենը մի քանի ամիս անց մասնավոր հատվածում ևս բոլորն ստիպված կլինեն մտնելու կուտակային կենսաթոշակային համակարգ։

Երկրում ակցիզային, ավելացված արժեքի և այլ հարկերի բարձրացման, ինչպես նաև որոշ այլ գործոնների ազդեցությամբ արձանագրված գնաճը, ըստ էության, պետության կողմից որևէ կերպ չի զսպվում։

Կառավարության կողմից ընդունված 2017 թվականի օգոստոսի 24-ի 1033-Ն թվակիր որոշման ուժի մեջ մտնելով՝ դեղատնային և դեղագործական գործունեություն իրականացնող ընկերությունները ծանրաբեռնվել են բազմաթիվ նոր պարտավորություններով, այդ թվում` դեղատների աշխատակիցներին ապահովելու նույնականացման քարտերով, այդ քարտերը կարդացող սարքերով, թարմացնելու սեփական համակարգչային տեխնոլոգաները, յուրաքանչյուր դեղատանն ապահովելու ինտերնետ կապ և այլն։ Այս որոշման ուղղակի հետևանքն է բոլոր այդ ծախսերի բեռի տեղափոխումը վերջնական սպառողի վրա, ինչը նշանակում է, որ դեղերի և դեղագործական այլ ապրանքների գնաճը նույնպես անխուսափելի է։

Ընդ որում՝ այս ամենը տեղի է ունենում չբարձրացվող կամ չնչին չափով բարձրացվող նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների ֆոնին։

Այսպիսով, քաղաքացու տնօրինվող եկամուտն ու նույն փողի գնողունակությունը վերջին տարիներին շարունակաբար նվազում են՝ նույնիսկ եթե պայմանականորեն անտեսենք ինֆլյացիայի մակարդակը Հանրապետությունում, այնինչ մինչև վերը թվարկված փաստերի առաջ գալը ևս Հայաստանում միջին աշխատավարձը և կենսաթոշակը մեղմ ասած բարձր չէին։

Մեր երկրում կատարված աշխատանքի դիմաց ոչ արդարացի վարձատրությունը համարվում է արտագաղթի հիմնական պատճառներից մեկը. հայտնի փաստ է, որ միջին եկամուտներ ունեցող հայաստանյան ընտանիքն իր ստացած եկամտի մեծ մասը ծախսում է սննդամթերքի, կոմունալ վճարների և այլ առաջնային կարիքների ուղղությամբ։ Բազմաթիվ ընտանիքներ, ունենալով օրինակ բնակտարածության խնդիր, տարիներ շարունակ չեն կարողանում լուծել այդ հարցը, նույնկերպ չեն կարող իրենց թույլ տալ մեկնել անգամ ամենահամեստ հանգստին և այլն։ Ավելորդ է խոսել այն ընտանիքների մասին, որտեղ կա քրոնիկ հիվանդ կամ հաշմանդամ կամ զառամյալ որրևէ անդամ, ում դեղորայքային և բուժման ծախսերը նույնպես գումարվում են այդ ամբողջ բեռին։

Պետության կողմից տարիներ շարունակ քայլեր չեն ձեռնարկվում պետական հատվածում նորմային մոտ եևարդարացի աշխատավարձ ապահովելու համար, իսկ մասնավոր հատվածում թերևս միայն ՏՏ և որոշ չափով բանկային ոլորտներն են, որտեղ աշխատակիցներն ստանում են իրենց վաստակածին համապատասխան կամ համապատասխանին մոտ եկամուտ։

Սույն նախագծի կարգավորումներով առաջարկվում է առնվազն ապահովել, որ քաղաքացիների կողմից ստացվող նոմինալ մաքուր աշխատավարձն ու կենսաթոշակը որևէ դեպքում չնվազեն:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել