Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով օտարվել են համայնքին պատկանող մի շարք անշարժ և շարժական գույք

Մայիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի շուրջ 700 բնակիչների` իրեն ուղղված դիմումի հիման վրա դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով ներկայացված փաստերի առնչությամբ հարուցել քրեական գործ։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Համայնքի բնակիչների հաղորդումների, ինչպես նաև մայիսի 15-ին hetq.am կայքում հրապարակված նյութի համաձայն` համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով օտարվել են համայնքին պատկանող մի շարք անշարժ և շարժական գույք:

Տեղում համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով մայիսի 18-ին նախարարի հանձնարարականով Նորակերտ էին գործուղղվել ՏԿԶՆ աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետներ Արկադի Չերչինյանը և Արամ Սարգսյանը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ համայնքապետարանում բացակայում են համայնքին պատկանող գույքի օտարման օրինականության վերաբերյալ փաստաթղթերը։

Հաշվի առնելով «Հետք»-ի կողմից կատարված հրապարակումը և հիմք ընդունելով ՀՀ ՏԿԶՆ իրավաբանական վարչության եզրակացությունն առ այն, որ Նորակերտ համայնքի ղեկավարի և ավագանու կողմից իրականացված գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված հանցակազմի առերևույթ տարրեր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին ենթակետով, խնդրել է ՀՀ գլխավոր դատախազին հարուցել քրեական գործ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել