Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր ԱԱԾ պետը ԶԼՄ-ների հետ հանդիպմանը ասել է, որ շուտով կլինեն ապօրինի հարստացած պաշտոնյանների բացահայտումներ և ավելացրել հետևյալը.«Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ»:
Այս կապակցությամբ պետք նշեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1. հոդվածը, որով սահմանվում է Ապօրինի հարստանալը, սահմանում է.
«1. Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
2. Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:
Ասածս այն է, որ, եթե պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ է հարուցվելու ապօրինի հարստանալու հոդվածի (եթե իհարկե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են) հատկանիշներով, ապա այդ պաշտոնյաններին սպառնում է ոչ միայն ապօրինի հարստություն կազմող գույքի բռագանձումն ու վերադարձը ՀՀ պետական բյուջե, այլ նաև` ազատազրկում` 3-ից 6 տարի ժամկետով»: