Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ վերահսկիչ պալատից ստացված՝ հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ստուգումների արդյունքները, որոնցում պետական շահերի խախտման մի շարք փաստեր են արձանագրվել: Ելնելով այն հանգանքից, որ խախտումների մի մասն իրենց մեջ պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ համապատասխան փասատթղթերն ուղարկվում են մարզերի դատախազություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու ցուցումով հետաքննության և նախաքննության մարմիններ ուղարկելու նպատակով:
Արդյունքում մասնավորապես ՀՀ ՔԿ Արարատի մարզային վարչության Վեդու քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արարատ քաղաքի բնակիչ Գ. Հ.-ն, չունենալով անհրաժեշտ վավերապայմանները, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը հափշտակելու ի սկզբանե ծագած հանցավոր մտադրությամբ 2013 թվականի օգոստոսին դիմում է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում երինջներ ստանալու համար: Նրա կողմից տրամադրվել են ոչ ճշմարիտ տեղեկություններ այն մասին, որ Արարատ գյուղի տարածքում առկա է 50 գլուխ կովերի համար կառուցված մեքենայացված անասնագոմ, որին կից գործում է կաթի վերամշակման արտադրամաս, ինչպես նաև 10 հա հողատարածք, որը կարելի է օգտագործել որպես կերարտադրության բազա: Բացի այդ, վստահություն ստեղծելու համար ներկայացրել է տեղեկանք, որ անասնապահությամբ զբաղվելու նպատակով վարձակալել է մեկ այլ բնակչին պատկանող անասնագոմը:
Այդ և ներկայացված այլ փաստաթղթերի հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Գ.Հ.-ին 2016թ. ապրիլին հանձնել է 46.531.720 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 41 գլուխ Շվից ցեղի տոհմային երինջներ, ինչի վերաբերյալ նրանց միջև կնքվել է տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր: Սակայն ստանալով երինջները՝ Գ.Հ.-ն պահել է դրանք այլ վայրում և մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսը վաճառել է՝ տնօրինելով գումարը և չկատարելով պայմանագրով ստանձնած պարտավորությունը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են առանձնապես խոշոր չափերով հափշտակության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային վարչության Վեդու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ, և դրանով կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: