ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 16-ին ընդունեց ՀՀ վարչապետի նստավայրի և ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակից մի խումբ տաքսու վարորդների։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Նրանք նախարարին ներկայացրին իրենց դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում էին տաքսիների լիցենզավորման գումարների չափին, կուտակված տուգանքների վճարներին, էլեկտրոնային եղանակով առանց լիցենզիայի տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններին և այլն։
Լսելով վարորդներին՝ նախարարը նշեց, որ կուտակված խնդիրները աստիճանաբար լուծում կստանան, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ։
Նա առաջարկեց միասնական ձևակերպված առաջարկություններ ներկայացնել նախարարություն, որոնք կարճ ժամանակում կքննարկվեն և կնախանշվեն դրանց լուծման հնարավոր ուղղություններն ու ժամկետները: