Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵՍՏՄ – Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։
Այս մասին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից գրում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները։
Համոզված եմ, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար»,-նշում է Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 16-18-ը Աստանայում ընթանում է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին» և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումները։