Այսօր՝ մայիսի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` Ազգային ժողովի «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավոր, ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի մանդատը նույն տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հովիկ Աղազարյանին տալու վերաբերյալ:
Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում ԱԺ նոր պատգամավորի կենսագրությունը։
Հովիկ Աղազարյանը ծնվել է 1960թ. փետրվարի 9-ին Սյունիքի մարզի Այգեձոր գյուղում։ 1961թ. ընտանիքով տեղափոխվել են Արարատի մարզի Սուրենավան գյուղ։
Կրթություն
1977թ. ավարտել է Արարատի մարզի Սուրենավան գյուղ միջնակարգ դպրոցը։
1977 թ-1982 սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմաթիկական ֆակուլտետը, ավարտել՝ գերազանցության դիպլոմով։
Աշխատանք
1982թ. ընդունվել է աշխատանքի Երեւանի փոքր հզորությամբ էլեկտրաշարժիչների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես գիտաշխատող։
1984թ. ընդունվել եւ 1987թ. ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական մեխանիկայի ինստիտուտը։
Որպես Սուրենավան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար մասնակցել է Երասխավանյան հայտնի դեպքերին։
1990թ.-ից մինչեւ 1995թ. հանդիսացել է Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Եղել է ՀՅԴ խմբակցության անդամ։
1996թ. եղել է ՀՅԴ Գերագույն Մարմնի Նախագահ։
1998թ. հեռացվել է ՀՅԴ շարքերից։
2015թ. մայիսից Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ է։ ՔՊ-ի վարչության անդամ։ Ապրիլյան դեպքերին մասնակցելու կապակցությամբ պարգեւատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով։
2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն)։
Ամուսնացած է, ունի երեք որդի և երկու թոռնիկ։