ՊԵԿ-ը հորդորում է պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը

Ֆիզիկական կամ իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ համար որևէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման դեպքում ՀՀ մաքսային մարմինների կողմից արհեստական վարչարարության սուբյեկտիվ արգելքներ չկան, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը՝ ընդծելով, որ հավասար իրավունքով հանդերձ, քաղաքացիները պարտավոր են պահպանել այդ ապրանքների ներմուծման և արտահանման ՀՀ միջազգային պայմանագրերով, ԵԱՏՄ այլ ակտերով և ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգը:

Մասնավորապես, ըստ Մհեր Մարտիրոսյանի, այդ կարգի կարևոր բաղադրիչ է մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումը: Այսինքն, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում, ձևով և կարգով՝ ապրանքի, տրանսպորտային միջոցի, ուղևորային հայտարարագրերի և դրանցում ներառված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը մաքսային մարմիններին: Մյուս բաղադրիչը վերաբերում է ապրանքների նկատմամբ սակագնային կարգավորման միջոցների կիրառմանը: Այսինքն, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում, չափով և կարգով մաքսատուրքերի, ավելացված արժեքի, ակցիզային, ճանապարհային, բնապահպանական հարկերի, պետական տուրքերի, մաքսավճարի վճարումը: «Հիմնական բաղադրիչներից է նաև մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ ՀՀ միջազգային համաձայնագրերով, ԵԱՏՄ այլ ակտերով և/կամ ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված արգելքների և/կամ սահմանափակումների կիրառումը:

Մասնավորապես, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում ապրանքները ենթակա են պետական այլ մարմինների կողմից իրականացվող հսկողության: Օրինակ՝ բուսասանիտարական, անասնաբուժական, սննդի անվտանգության հսկողությունն իրականացնում է ՀՀ ԳՆ սննդի անվտանգության ծառայությունը, օզոնային շերտը քայքայող նյութերի հսկողությունը՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը, կրիպտոգրաֆիկ սարքերի նկատմամբ՝ ազգային անվտանգության ծառայությունը, ռազմական նշանակության ապրանքներինը՝ պաշտպանության նախարարությունը և այլն»,-տեղեկացրել է Մհեր Մարտիրոսյանը:

ՊԵԿ-ը հորդորում է պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը և համապատասխան իրավական ակտերով նախատեսված կարգավորումները չդիտարկել որպես մաքսային մարմինների սուբյեկտիվ պահանջ: Եթե մաքսային ծառայողն անարդարացի սահմանափակում է քաղաքացիների իրավունքները, անհրաժեշտ է պահանջել պարզաբանում՝ դրա իրավական հիմքերի վերաբերյալ, իսկ դրանց չներկայացման կամ անբավարար լինելու դեպքում՝ անհապաղ տեղեկացնել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությանը՝ գրավոր կամ ՊԵԿ թեժ գծի միջոցով: Կոմիտեն պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել