ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Շնորհակալ եմ վերջին չորս տարիների համագործակցության համար: Ես այն գնահատում եմ շատ արդյունավետ։ Հույս ունեմ, որ այս գնահատականը փոխադարձ է: Համենայնդեպս, ես այդ համոզման եմ, ինչի հիմքը մեր համատեղ աշխատանքի ընթացքում Ձեզանից շատ շատերի համառությունն ու հետևողականությունն է, որը երբեք չանցավ փոխադարձ հարգանքի սահմանը:
Ես վստահ եմ, որ Ձեր հետ համագործակցության միջոցով մենք կարողացել ենք իրազեկել մեր համաքաղաքացիներին, օգնել նրանց, որպեսզի արդյունավետ կերպով իրացնեն իրենց իրավունքները:
Շնորհակալ եմ արդեն նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, ում հետ աշխատելու տարիներին ես շատ բան եմ սովորել:
Շնորհակալ եմ նախարարության աշխատակազմին՝ կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ, մինչև փոխնախարար, բոլոր նրանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատելու այս տարիների ընթացքում:
Բոլորիդ շատ սիրում եմ և մաղթում եմ լավ տրամադրություն»։