Ապօրինի կերպով հրազեն պահելու և փոխադրելու համար մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Աղվանյանին: Գործը ուղարկվել է դատարան:
Մեղադրանքի համաձայն՝ նա ապօրինի կերպով պահել, փոխադրել ապա իրացրել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակով «9Մ39» տիպի ռազմամթերք հանդիսացող հրթիռը:
Ռոբերտ Աղվանյանը 2011թ. ընթացում հանգուցյալ հոր տունը վաճառելիս խորդանոցում գտել է ապօրինի կերպով պահված վերոհիշյալ ռազմամթերքը, այն փաթեթավորել է պոլիէթիլենային թաղանթի մեջ, ապա ապօրինի փոխադրել է և գաղտնի պահել է ընկերոջ` Արթուր Վարդանյանի կնոջ մորը պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում գտնվող տան նկուղում:
2017թ. փետրվարի 22-ին Ռոբերտ Աղվանյանը Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է իր վաղեմի ծանոթներին` Վաղարշապատ քաղաքի բնակիչներ Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին, ովքեր Սանասար Գաբրիելյանի հետ նախնական համաձայնությամբ, Սամվել Բաբայանի դրդմամբ վերջինիս կողմից խոստացված 50.000 ԱՄՆ դոլար վարձատրությունը ստանալու ակնկալիքով Վրաստանի տարածքում փնտրել են «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
Զրույցների ընթացքում Հրաչյա Մայիլյանից և Արմեն Պողոսյանից տեղեկանալով նշված ռազմամթերքը ձեռք բերելու մտադրության մասին, Ռոբերտ Աղվանյանը պատրաստակամություն է հայտնել 38.000 ԱՄՆ դոլարի դիմաց իրացնել այդ ռազմամթերքը:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ վերադառնալով Հայաստան Ռոբերտ Աղվանյանը 2017թ. մարտի 15-ին ապահովել է ապօրինի պահված ռազմամթերքի փոխադրումը ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի ամայի տարածք, որտեղ հնարավորություն է ընձեռել Հրաչյա Մայիլյանին պլանշետային համակարգչով նկարահանել այն` պատվիրատուին ցույց տալու համար, իսկ 2017թ. մարտի 17-ին 4000ԱՄՆ դոլար կանխավճարի դիմաց նույն գյուղում «Իգլա» տեսակի հրթիռը փոխանցել է Հրաչյա Մայիլյանին` ապօրինի կերպով իրացնելով այն:
Նշվում է, որ Ռոբերտ Աղվանյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 235հոդ. 1-ին մասով:
Նշենք, որ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Գործը քննվելու է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը չբավարարեց Սամվել Բաբայանի գործով բերված բողոքը, իսկ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին, ով մեղադրվում էր առաջադրված Քրեական օրենսգրքի (ՔՕ) 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով։
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։
Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։
Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կարեն Քոչարյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, սակայն պայմանականորեն չկիրառելով՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով և սահմանվել փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Ժորա Զաքարյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սահշանել երկու տարի ժամկետով։
Դավիթ Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ ևս սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով, պատիժը պայմանականորեն չկիրառելով։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Ավելի վաղ, Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ դիմել է վճռաբեկ դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: