Սահմանադրության 215-րդ հոդվածը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհրդի մասին դրույթի ուժի մեջ մտնելուց հետո նշանակված դատարանների նախագահները և վճռաբեկ դատարանի պալատների նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչև Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակվելը կամ ընտրվելը, որն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո` ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ: Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5՝ դատավորի յուրաքանչյուր տեղի համար Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների թվից։
Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին նշանակում է Հանրապետության նախագահը՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, համապատասխան պալատի կազմից, վեց տարի ժամկետով: Նույն անձը Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է նշանակվել միայն մեկ անգամ:
Սահմանադրության մեջ նշվում է, որ եթե սահմանված կարգով և ժամկետում չեն նշանակվում համապատասխան դատարանների և վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ, ապա նրանք շարունակում են պաշտոնավարել համապատասխան դատարաններում որպես դատավորներ:
Նշենք, որ ԲԴԽ-ն որոշում ունի, որով արդեն սահմանվել են ժամկետները՝ դատարանների նախագահների թեկնածուների ցուցակների ներկայացման վերաբերյալ: Վճռաբեկ դատարանի նախագահների թեկնածուները հայտնի կդառնան մայիսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում: