Նիկոլ Փաշինյանին առաջարկել են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության նոր պետ նշանակել

Մայիսի 10-ին «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (Կազմակերպություն)՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (Ծառայություն) կողմից իրականացված վարչական գործերի                                   վարման և շրջիկ ծառայության ընթացքի նկատմամբ իրականացրած ուսումնասիրության արդյունքներով պայմանավորված՝ հայտնում է հետևյալը.

  1. Տեսանկարահանող սարքավորումների միջոցով (և ոչ միայն) ճանապարհային երթևեկության կանոնների առերևույթ խախտումների հետևանքով Ծառայության կողմից հարուցված վարչական վարույթների արդյունքում կայացված բռնագանձումների վերաբերյալ որոշումների բողոքարկումները վերադասության կարգով ունեն չափազանց ցածր արդյունավետություն դրական ելքի առումով: Դա ստիպում է ՀՀ քաղաքացիներին դիմել դատական պաշտպանության մեխանիզմներին:

Կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատարան ուղղված բողոքների ճնշող մեծամասնությունը բավարարվում է ՀՀ վարչական դատարանի կողմից (Տես օրինակ՝ https://www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում՝ ուսումնասիրելով 2018 թվականի մարտի 7-ին, ապրիլի 13-ին և ապրիլի 19-ին կայացված համապատասխան վարչական գործերով վճիռները (ՎԴ/10678/05/17, ՎԴ/0403/05/18 և ՎԴ/0651/05/18, հայցվոր՝ Կամո Ասատրյան, պատասխանող՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն):

Գոյություն ունեցող այս պրակտիկան առաջ է բերում մի շարք խնդիրներ և մտահոգություններ, որոնք ենթադրում են՝

  • Խնդրի լուծման փորձ դատական կարգով անորոշ ժամկետներում, քանի որ գործերը դատարանների կողմից վարույթ ընդունվելուց մինչև վճռի կայացումը տևում են 3-ից 6 ամիս, այնինչ արդյունավետ վարչարարությունը խնդրի լուծման համար ենթադրում է (սահմանված է օրենքով) ավելի կարճ ժամկետներ՝ մասնավորապես՝ մինչև մեկ կամ ավառելագույնը մեկ և կես ամիս:
  • Վստահության անկում գործադիր մարմնի՝ մասնավորապես ճանապարհային ոստիկանության, իսկ ընդհանրապես՝ ոստիկանության նկատմամբ:
  • Լրացուցիչ ժամանակի և ռեսուրսի վատնում ինչպես քաղաքացու, այնպես էլ Ծառայության կողմից՝ նկատի ունենալով, որ կողմերն իրականացնում են ՀՀ օրենսդրությունից բխող դատավարական գործողություններ՝ պատրաստվելով և մասնակցելով դատական նիստերին, գրավոր կամ բանավոր պատասխանելով միմյանց հարցադրումներին, ներկայացնելով ապացույցներ և այլն:
  • ՀՀ վարչական դատարանի դատավորների ծանրաբեռնվածության ավելացում, ինչը չի կարող չազդել այլ վարչական գործերով վարույթների երկարաձգման, ինչպես նաև իրականացվող արդարադատության որակի վրա:
  • Հայցերի բավարարման դեպքում՝ դատական վճիռներով պետական տուրքերի բռնագանձում ՀՀ ոստիկանությունից:
  • Վարչարարություն իրականացնողների կողմից անպատասխանատու վարքագծի դրսևորման խորացում՝ վերջիններիս նկատմամբ պատասխանատվություն կիրառելու մեխանիզմների չգործադրման հետևանքով:
  1. ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» N 1769-Ն որոշման 4-րդ գլխի 7-րդ կետի համաձայն` ճանապարհապարեկային ծառայության իրականացման ձևերն են` շրջիկ պարեկությունը, ինչպես նաև մշտական անշարժ ծառայությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տեղերում:

Մասնագիտական վերլուծությամբ այս հայտարարությունը չծանրաբեռնելու նպատակով, ինչպես նաև հայտնելով պատրաստակամություն՝ անհրաժեշտության դեպքում մասնակցելու մասնագիտական քննարկումներին, Կազմակերպությունը հայտնում է, որ ՀՀ մարզերում բոլոր մայրուղիների և երկրորդական նշանակության ճանապարհների վրա մինչև սույն թվականի մայիսի 7-ը ճանապարհային ոստիկանությունն իրականացրել է մշտական անշարժ ծառայություն՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները: Այս խախտումներն առաջացրել և առաջացնում են մի շարք կոռուպցիոն ռիսկեր:

Կոռուպցիոն ռիսկ N 1

ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ շրջիկ ծառայությունից ոստիկանների խուսափելը և վարորդների համար չերևացող հատվածներում թաքնվելը և (կամ) չսահմանված վայրերում կայանված ծառայողական մեքենաներից ճանապարհային երթևեկությանը «հետևելը» պարունակում է վարչական կոռուպցիոն մեծ ռիսկ, քանի որ դա կարող է  իրականացվել բացառապես վարորդ «որսալու» և փող կորզելու նպատակով:

Կոռուցիոն ռիսկ N 2     

ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ շրջիկ ծառայությունից ոստիկանների խուսափելը տալիս է հնարավորություն այդ ծառայությանը չստանալ կամ ստանալ և չօգտագործել ծառայողական մեքենաների համար սահմանված քանակի վառելիքը, ինչպես նաև սահմանված ժամկետներում ըստ նորմատիվների ստանալ նոր անվադողեր «ամորտիզացված» անվադողերի փոխարեն, մեքենաների շահագործման համար յուղեր, քսայուղեր և սարքավորումներ, ենթարկել ծառայողական մեքենաները «վերանորոգման» կամ իրականացնել այդ ամենի «խնայողություն»՝ դրա համար անհրաժեշտ գումարը ժամանակի ընթացքում կորզելով քաղաքացիներից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կազմակերպությունն արձանագրում է, որ հանրային այս ծառայության աշխատանքները վարչարարության իրականացման առումով արհեստավարժ և բավարար չեն, իսկ աշխատանքների կազմակերպման իրավականության և բարեվարքության տեսանկյունից՝ խնդրահարույց:

Եվ ուրեմն՝ Կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում է այս ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում, որպես առաջին քայլ, Ծառայության պետ նշանակել այլ անձի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել