Երևանի քաղաքապետարանն այս տարվա մարտի 23-ին պայմանագիր է կնքել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ՝ անապահով բնակիչների բաղնիքից օգտվելու ծառայություններ իրականացնելու համար։
Պայամանագրում նշված է, որ շրջանի առավել անապահով բնակիչների բաղնիքից օգտվելու ծառայությունները պետք է մատուցվեն ըստ վարչական շրջանի կողմից հաստատված ցուցակի և ներկայացված կտրոնների՝ ապահովելով առանջին ցնցուղներ, մաքուր սալիկապատ սանհանգույցներ, տաք ու սառը ջուր, ծառայության բարձր որակ և անխափան աշխատանք։
Սոցիալապես անապահով բնակիչների հիգիենիկ սպասարկման (բաղնիք) համար նախատեսվում է յուրաքանչյուր եռամսյակ 300 բնակչի հատկացնել սահմանված ձևի կտրոններ։
Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ ստուգել ծառայության որակը, կատարել դիտողություններ և առաջարկություններ։ Լոգանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ սրբիչ, օճառ և այլն, իրենց հետ բերում են շահառուները։
Բաղնիքի տեղակայումը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և հարակից վարչական շրջանների տարածքում է։
Քաղաքապետարանը 1 տարվա կտրվածքով 1200 մարդկանց լոգանքի համար նախատեսել է 1 միլիոն 800 հազար դրամ։
Ալիսա Չիլինգարյան