Այսօր՝ մայիսի 10-ին, Եվրամիության կողմից ֆինանասավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Երևանի քաղհասարակության ինկուբատորների խմբի համար կազմակերպվել էր երկրորդ դասընթացը։ Այս անգամ քաղհասարակության ներկայացուցինչերի համար «ՔՀԿ-ների փաստարկված հանրային քաղաքականությունների իրականացման հաջողության փորձ» խորագրով դասընթացը վարել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը։
«Պետք չէ կարծել, թե հաջողության փորձ ունենալը բարդ է, դժվար կամ անհնարին»,- Կիրակոսյանը մի օրինակ բերեց, թե ինչպես է իրենց փորձագետն այցելել քրեակատարողական հիմնարկ, տեսել կրկնակի ճաղավանադակները, հանել երկրորդ շերտը, կտորով մաքրել պատուհանը, ինչը հնարավորություն է տվել արևի լույսի պայծառ ներթափանցմանը՝ դատապարտյալի խուց։ Այսպիսով, այս քայլը խթան է հանդիսացել քրեակատարողական հիմնարկում տուբերկուլյոզի դեմ պայքարի համար, ինչը կարող ենք նշել, որպես հաջողության փորձ։
Արտակ Կիրակոսյանը բերեց նաև այլ օրինակներ, թե ինչպես կարող են քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց ծրագրերը հաջողությամբ իրականացնեն։
«Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի» ներկայացուցիչ Լիլիթ Չիչոյանն առանձնացրեց ինկուբատորների այսպիսի ձևաչափով դասընթացների անցկացման կարևորությունը, որի նպատակը ՔՀԿ-ների կարողությունների զարգացումն է.
«Այսօրվա դասընթացը ասածիս վառ ապացույցն է, երբ պրակտիկ փորձի օրինակով, հասկացանք, թե ինչպես կարելի է փաստարկվածության միջոցով հասնել ցանկալի փոփոխությունների և հանրային քաղաքականության խնդիրների լուծման»,-նշեց նա:
Այսօրվա դասընթացին բացի Երևանում ներկա մասնակիցներից, վեբինարի միջոցով դասընթացին էին միացել մարզերից 12 մասնակիցներ։
Նշենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:
ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվում են երկու փուլով հետևյալ հինգ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են 36 ՔՀԿ-ներ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։ ՔՀԿ-ների ինկուբատորները ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու են ընդհանուր թվով 33 դրամաշնորհներ, յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։