Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համատեղ շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համատեղ շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամ։ Ուղերձում ասվում է․

«Ձե՛րդ Գերազանցություն,

Ցանկանում ենք շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել ամենայն բարիք այս կարևոր մանդատի իրականացման գործում: Մենք ողջունում ենք, որ այս օրերի ընթացքում բոլոր կողմերը խուսափեցին առճակատումից և ցուցաբերեցին զսպվածություն և պատասխանատվություն:

Մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ Ձեր նոր պաշտոնում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների շարունակական ամրապնդման նպատակով, մասնավորապես՝ Հայաստանի խորհրդարանի միաձայն հավանությանն արժանացած ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով, այդ թվում՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և ստեղծել բարգավաճ և դիմակայուն տնտեսական ու սոցիալական համակարգ՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների: Հավատացած ենք, որ այս կարևոր նպատակների իրագործման համար շարունակում է առանցքային մնալ Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարների միջև համապարփակ երկխոսությունը:

Վերջում, մենք ակնկալում ենք Ձեր դրական ներգրավվածությունը Արևելյան գործընկերության շրջանակում, ինչպես նաև Հայաստանում և տարածաշրջանում անվտանգության, կայունության, ժողովրդավարության ու բարեկեցության առաջմղման գործում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել