«Ելք»-ը շարունակում է ընդդիմադիր լինել Ազգային ժողովում

Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ հայտարարեցին, թե այդ պահից ի վեր ՀՀԿ-կան դառնում է ընդդիմություն: Սակայն օրենքն այլ բան է ասում: Մասնավորապես, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետում նշվում է.

«Ազգային ժողովի ընտրության արդյունքով մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր»:

Այս պահի դրությամբ ՀՀԿ խմբակցության կազմում 58 պատգամավոր կա, այսինքն, ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 54 տոկոսից ավելի մանդատ:  Այսինքն, այս պահի դրությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարվել կառավարող, իսկ «Ելք» խմբակցությունը՝ ընդդիմադիր:

Սակայն պատգամավորները կարող են դուրս գալ ՀՀԿ խմբակցությունից՝ պահպանելով իրենց պատգամավորական մանդատը:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշվում է. «Պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ խմբակցության ղեկավարին ուղղված գրավոր դիմումով կամ Ազգային ժողովի նիստում՝ այդ մասին հայտարարությամբ հանդես գալով»:

Իսկ ՀՀԿ խմբակցությունը կարող է իրավապես այլևս կառավարող չլինել այն դեպքում, երբ խմբակցության գործունեությունը դադարեցվի. «Պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ խմբակցության ղեկավարին ուղղված գրավոր դիմումով կամ Ազգային ժողովի նիստում՝ այդ մասին հայտարարությամբ հանդես գալով»,- նշվում է նույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել