Միջնակարգ դպրոցի մասնաշենքերից մեկը կտրամադրվի կարի արտադրություն կազմակերպելու համար

ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքում կարի արտադրություն կազմակերպելու նպատակով «Ոսկե Կար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն «Խաչիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 3-րդ մասնաշենքի չօգտագործվող 2-րդ հարկի տարածքը՝ կարի արտադրություն կազմակերպելու նպատակով, հետագայում գնման նախապատվության իրավունքով, ընկերությանն անհատույց օգտագործման տրամադրելու խնդրանքով:

Այս մասին հարցը գործադիրը կքննարկի վաղը՝ մայիսի 10-ին կայանալիք կառավարության նիստի ժամանակ:

Որոշման նախագծի համափայն, «Ոսկե Կար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ոլորտը կարի արտադրությունն է, գործվածքեղենի ներմուծումը և վաճառքը: Ընկերության նպատակն է զարգացնել թեթև արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել նոր աշխատատեղեր Երևանում և սահմանամերձ շրջաններում, ընդլայնել տեղական արտադրանքի արտահանման ծավալները, հիմնադրել նոր մասնաճյուղեր և զարգացնել՝ ներգրավելով նոր գործընկերներ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում, բարձրացնել մասնագետների որակավորման աստիճանը և այլն:

Հաշվի առնելով, որ ընկերությունը պարտավորվել է նաև մեկ տարում կատարել 25 մլն. ՀՀ դրամի ներդրումներ, որոնք կուղղվեն տարածքի շինարարության և սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաև առաջին տարում ստեղծել 20 աշխատատեղ, իսկ բավարար պատվերներ ունենալու դեպքում ավելացնել աշխատողների թվաքանակը, միաժամանակ ներկայացնելով ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի թիվ 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6.4-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան ծրագիր, որը համապատասխանում է ՀՀ կառավարության 2017-2022թթ ծրագրի 1.2 և 3.1 կետերով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը տարածքային կառավարման բնագավառում և տնտեսական ոլորտում,  ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը մշակել է ՀՀ կառավարության նշված որոշման նախագիծը, համաձայն որի նախատեսվում է «Խաչիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Խաչիկ 18-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքի 3 021 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով 383,69 քառ.մետր ընդհանուր մակերեսով 2-րդ հարկի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 8 տարի ժամկետով հանձնել <Ոսկե Կար> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել