Վաղը՝ մայիսի 10-ին կայանլիք կառավարության նիստի ժամանակ գործադիրը կքննարկի պետական գույք համարվող Տաշիրի կինոցանցի շենքը մասնավորեցնելու մասին հարցը:
Հիմնավորման համաձայն, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում ընդգրված Տաշիրի կինոցանցի գույքը` 2253.1 քառ.մետր մակերեսով շենքը և սեփականության իրավունքով հատկացված 0,3 հեկտար մակերեսով հողամասը որը գտնվում է Տաշի քաղաքի Վ.Սարգսյան փողոց 4թաղ. թիվ 36/1 հասցեում, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Լոռու մարզ, Տաշիր համայնքին՝ վաճառքի գին սահմանելով 1000 դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
1) մեկ տարվա ընթացքում ապահովել կինոթատրոնի շենքի քանդման և շինարարական աղբի տեղափոխման, հարակից այգու հիմնման և բարեկարգման աշխատանքների իրականացումը՝ այդ նպատակով կատարելով 32 մլն.դրամի ներդրումներ,
2) համայնքի միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
Գնորդը պարտավոր կլինի վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Տաշիր համայնքի ֆոնդային բյուջե։