Կառավարությունը՝ առաջին անգամ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, մայիսի 10-ին կայանալիք հերթական նիստի ժամանակ որոշում կըդունի ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրության վավերացման նպատակահարմարության մասին:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2018թ մարտի 15-ին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նախագահների կողմից:
2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում (այսուհետ՝ Պայմանագիր):
Պայմանագրի 10-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները։ Հաշվի առնելով 2015թ. Սահմանադրությամբ ՀՀ անցումը խորհրդարանական համակարգի և դրանով իսկ ՀՀ Նախագահի լիազորությունների սահմանափակումը և ՀՀ վարչապետի լրազորությունների ընդլայնումը՝ առաջարկվել է Պայմանագրի 10-րդ կետում կատարել փոփոխություն, որը կնախատեսի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում կառավարության ղեկավարի մակարդակով ներկայացված լինելու հնարավորություն, եթե համապատասխան պետության օրենսդրությամբ նա օժտված է բարձրագույն խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերով որոշումներ ընդունելու լիազորություններով:
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Արձանագրության մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Միաժամանակ, ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի դրույթների հիմքով:
Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հայտնել է, որ Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ:
Արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն՝ այն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ստացված տեղեկատվության՝ Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերն ավարտել է Ռուսաստանի Դաշնությունը:
Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում Արձանագրության վավերացումը ՀՀ Ազգային ժողովի կողմից: