Ոստիկանության պաշտոնյան մեղադրվում է քաղաքացուն կեղծ անձնագիր տալու համար. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վահագն Գրիգորյանը, 20.07.2017թ.ից մինչեւ 12.12.2017թ.-ը զբաղեցնելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի ղեկավարի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ ՀՀ-ից բացակայող Արամ Հովհաննիսյանին կեղծ հիմքերով հաշվառել է Ստեփանավան քաղաքի բնակարաններից մեկում եւ տրամադրել կեղծ անձնագիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից:

Վահագն Գրիգորյանը իր ծանոթ Հ. Բոյաջյանի խնդրանքը չմերժելու եւ նրա ամուսնուն` ՀՀ-ից բացակայող Արամ Հովհաննիսյանին նոր անձնագիր տրամադրելու  անձնական շահագրգռվածությունից ելնելով` վերջինիս նախ ձեւականորեն հաշվառել է իր աշխատակիցներից մեկին պատկանող բնակարանում:

Մասնավորապես, Վ. Գրիգորյանը Ստեփանավանի անձնագրային խմբի առաջատար մասնագետին հանձնարարել է Ա. Հովհաննիսյանի անունից կազմել եւ իրեն հանձնել վերը նշված բնակարանում հաշվառվելու մասին դիմում, որում կեղծվել է Ա. Հովհաննիսյանի ստորագրությունը:

Այնուհետեւ Վ. Գրիգորյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կեղծել է Ստեփանավանի զինվորական կոմիսարին հասցեագրված՝ իբրեւ թե Ա. Հովհաննիսյանի անունից գրված դիմումը, որի հիման վրա վերջինս 30.10.2017թ.-ին հաշվառվել է Ստեփանավանի զինվորական կոմիսարիատի պահեստազորում:

Դրանից հետո Ա. Հովհաննիսյանի` ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային ծառայություն ներկայանալու եւ Ստեփանավանի զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ եւ գրառումներ պարունակող պաշտոնական կեղծ փաստաթղթերի հիման վրա, օրենսդրության եւ սահմանված կարգի կոպիտ խախտմամբ, Վ. Գրիգորյանի կողմից Ա. Հովհաննիսյանը հաշվառվել է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում:

Այնուհետեւ Վ. Գրիգորյանը, կրկին չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Ա. Հովհաննիսյանի` կեղծ հիմքերով կազմված ՀՀ քաղաքացու նոր անձնագիրը

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Վահագն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Ի  դեպ, հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են նաեւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության մեկ այլ պաշտոնատար անձի` Ստեփանավանի անձնագրային խմբի նախկին ղեկավարի կողմից մի շարք անձանց կեղծ հիմքերով հաշվառելու եւ անձնագրեր տրամադրելու առերեւույթ հանցագործության նոր փաստեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել