ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները մեր ժողովուրդների համար առանձնահատուկ տոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս տարեթիվն ընդմիշտ գրանցված է մեր պատմության մեջ: Մարտի դաշտում ուս ուսի հերոսաբար կռվող և թիկունքում անձնազոհաբար աշխատող մեր հայրերի ու պապերի՝ հաղթողների սերնդի անմահ սխրանքն իր վճռորոշ ներդրումն ունեցավ ֆաշիզմից աշխարհն ազատագրելու գործում:
Մեր ժողովուրդների եղբայրական բարեկամությունը, որն ավելի էր ամրապնդվել պատերազմի դաժան տարիներին, ամուր հիմք է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների համար, որոնք անփոփոխ զարգանում են դաշնակցային փոխգործակցության հունով՝ ի շահ ապագա սերունդների:
Հարգելի Դմիտրի Անատոլիի, խնդրում եմ Ռուսաստանում բնակվող վետերաններին փոխանցել քաջառողջության ու բարօրության, իմ խորին երախտագիտության խոսքերը, իսկ ռուսաստանցիներին՝ խաղաղություն ու բարգավաճման մաղթանքները»: