«Անձամբ չեմ հավակնում մտել կառավարության կազմի մեջ». Արմեն Ռուստամյան

«Կա ժողովրդի հստակ պահանջ և այդ պահանջը պետք է իրացվի»,- այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, Ազգային ժողովում ընթացող ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի այս ընտրությունները «դե յուրե» պետք է հաստատեն այն, ինչը արդեն ժողովուրդը արձանագրել է «դե ֆակտո»:

Ռուստամյանը նշել է նաև, թե իր կարծիքով որոնք պետք է լինեն ձևավորվող նոր կառավարության առաջին քայլերը. «Կարծում եմ, որ առաջին քայլերից մեկը պիտի լինի այն, որ վարչապետի լիազորությունները պակասեցվեն: ԱԱԾ-ն, ոստիկանությունը պետք է բերվեն խորհրդարան, որպեսզի վերահսկողությունը նրանց նկատմամբ ուղղակի լինի»:

ՀՅԴ ղեկավարը խոսել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին և նշել, որ դրանք պետք է կազմակերպվեն ողջամիտ ժամկետներում:

«Ողջամիտ ժամկետ որ ասում ենք, հասկանում ենք բոլոր այս հարցերի լուծումը: Նույն շարժման ղեկավարությունը հասկանում է, որ այս հարցերը պետք է լուծվեն: Մենք կառավարության մաս կազմելու ակնկալիք չունենք»,-նշել է Ռուստամյանը:

Նա նշել է, որ «ՀՅԴ» և «Ելք» խմբակցությունների հանդիպման ժամանակ կադրերի և անձերի մասին խոսակցություններ չեն եղել. «Անձամբ չեմ հավակնում մտնել կառավարության կազմի մեջ»:

Արմեն Ռուստամյանը նշեց նաև, որ խմբակցության քարտուղարի տեղը Աղվան Վարդանյանի փոխարեն կզբաղեցնի Արմենուհի Կյուրեղյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել