Նոր փոփոխություններ՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում

Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագիծ է հրապարակել, ըստ որի փոփոխություններ և լրացումներ են կատարվելու  «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում:

Այսպիսով, կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական լիազոր մարմին պետք է ներկայացնի՝

1)   դիմում.

2) կանոնադրության փոփոխությունը և (կամ) լրացումը հաստատելու և (կամ) ծրագրի փոփոխությունը և (կամ) լրացումը ընդունելու մասին իրավասու մարմնի որոշումը.

3) կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման առնվազն երկու օրինակ.

4) պետական գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

Մինչև ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման համար դիմում ներկայացնելը (եթե փոփոխվել են ծրագրի հիմնական դրույթները) կուսակցությունը պարտավոր է փոփոխված և (կամ) լրացված ծրագրի հիմնական դրույթները (հանրային կյանքի կազմակերպման հայեցակարգի վերաբերյալ կուսակցության մոտեցումները, նրա գործունեության հիմնական սկզբունքները, նպատակները և խնդիրները, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու եղանակներն ու խնդիրները լուծելու ուղիները և միջոցները) հրապարակել https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Պետական գրանցման համար սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը պետական լիազոր մարմին են ներկայացվում իրավասու մարմնի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

Նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխությունը և (կամ) լրացումը կամ սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում վերադարձնում է կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման դիմումը կամ մերժում է կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցումը:

Նախատեսված պահանջների չպահպանման դեպքում պետական լիազոր մարմինը վերադարձնում է կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման դիմումը:

Կուսակցության կանոնադրության  և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման դիմումը վերադարձնելու մասին պետական լիազոր մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ նշում պարունակելով սույն օրենքի այն դրույթների վերաբերյալ, որոնց պահանջները չեն պահպանվել:

Հայտնաբերված թերությունները շտկելու և կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լացման պետական գրանցման դիմումը կուսակցության իրավասու մարմնի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում կրկին պետական լիազոր մարմին ներկայացնելու դեպքում այն համարվում է ընդունված, և պետական տուրք կրկին չի գանձվում:

Պետական գրանցման դիմումը վերադարձնելը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

Պետական լիազոր մարմինը մերժում է կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման  պետական գրանցումը, եթե՝

     1) կուսակցության կանոնադրության  և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման դրույթները ուղղված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի բռնի տապալմանը, կամ

    2) կուսակցության իրավասու մարմնի նիստում որոշում չի ընդունվել կուսակցության կանոնադրության փոփոխության և (կամ) լրացման հաստատման և ծրագրի ընդունման մասին, կամ

     3) կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման դիմումը ներկայացվել է կուսակցության իրավասու մարմնի նիստի անցկացման օրվանից մեկ տարի անց:

Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցումը մերժելու մասին պետական լիազոր մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հղում պարունակելով սույն օրենքի այն դրույթներին, որոնք մերժման հիմք են հանդիսացել:

Կուսակցության կանոնադրության  և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված ժամկետում չգրանցելը կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել