Արդարադատության նախարարաությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է նոր կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձի փոխհատուցում կտրվի:
Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում տրամադրվում է դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում են անշարժ գույքի վարձակալության պայմանագրի, վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները և Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված վարձակալության իրավունքի առկայության վերաբերյալ տեղեկանքը:
Դատավորին բնակարանի վարձի փոխհատուցման տրամադրումն ապահովում է Դատական դեպարտամենտը դատավորի կողմից դիմումը ներկայացնելու ամսվանից:
Յուրաքանչյուր ամսվա վարձի փոխհատուցումը տրամադրվում է մինչև հաջորդ ամսվա 15-ը:
Դատավորին բնակարանի վարձի փոխհատուցումը տրամադրվում է առավելագույնը երկու տարի ժամանակահատվածի համար ամսական մինչև 100.000 դրամի չափով:
Փոխհատուցման տրամադրման հիմքերի փոփոխման կամ վերացման դեպքում դատավորը այդ մասին ներկայացնում է դիմում Բարձրագույն դատական խորհրդին:
Դատավորին բնակարանի վարձի ամսական փոխհատուցման տրամադրումը դադարեցվում է՝
1) դատավորի կողմից դիմում ներկայացվելու դեպքում.
2) փոխհատուցման առավելագույն ժամկետը լրանալու դեպքում.
3) փոխհատուցման հիմքերի վերացման դեպքում:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
Եվգենյա Համբարձումյան