ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա երիտասարդի սպանության փորձի դեպքի առթիվ:
2018թ. մայիսի 3-ին՝ ժամը 23։30-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ «ձախ գոտկային շրջանի հրազենային կույր վնասվածք, օտար մարմին, աջ արմնկահոդի միջանցիկ հրազենային վիրավորում, աջ բազուկոսկրի դրսային կոճի բաց կոտրվածք քիչ տեղաշարժով, աջ քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ Հ.Ավագյանը՝ ծնված 1989թ.:
Նախնական տվյալներով՝ 29-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ։ Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, տղամարդու շապիկից պատռված հատված՝ արնանման հետքերով, «Samsung» տեսակի բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։
Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքները, այդ թվում` վիճաբանության մասնակից անձանց ինքնությունը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: