Վտանգված է առողջության պահպանման ու կենսական կարևորության այլ իրավունքների իրականացումը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ վաղ առավոտից ստացվում են ահազանգեր, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում իրացնել առողջության պահպանման ու կենսական կարևորության այլ իրավունքներ: Այդ ահազանգերը վերաբերում են բժշկական օգնություն ստանալու, քաղաքացիների կողմից իրենց բնակարաններ կամ տներ, աշխատավայրեր հասնելու դժվարություններին և այլն:

Այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանի աշխատակազմի ձեռնարկած քայլերը վկայում են, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով իրավասու մարմինների համար առաջացել են իրենց պարտականությունների կատարման լուրջ դժվարություններ կամ խոչընդոտներ:

Խիստ մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները ցուցարարները կանգնեցնում, ստուգում ու դրանից հետո նոր միայն, սեփական հայեցողությամբ, թույլատրում են տեղաշարժվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր, որ ճանապարհների փակ լինելու պատճառով բժիշկները չեն կարողանում հասնել կանչի վայրեր:

Մտահոգիչ է այն, որ քաղաքային ճանապարհներ ու մայրուղիներ փակելու նպատակով մեքենաների դիմաց կանգնեցվում են դպրոցահասակ, այդ թվում՝ առերևույթ տարրական դասարանների երեխաները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել